Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն
Թափուր հաստիքներ

Հայտարարություն՝ անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների 2026 թվականի որակավորման դասընթացի ընդունելության մասին

սեպտեմբեր 23, 2026

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ նաև՝ Ուսումնական հաստատություն), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2022 թվականի հունիսի 29-ի «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանի որակավորման դասընթացների բովանդակությունը և դրանց անցկացման ծրագրերը, հոգեբանի որակավորման թեստերի կազմման կարգը, որակավորված հոգեբանի վերապատրաստում անցնելու կարգը, վերապատրաստման դասընթացի բովանդակությունը և անցկացման ծրագիրը, որակավորման վկայականի ձևը սահմանելու մասին» N 331-Լ հրամանով հաստատված հավելված N 1-ին (այսուհետ նաև՝ ուսուցման կարգ) համապատասխան, հայտարարում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների 2026 թվականի որակավորման դասընթացի ընդունելություն:
Որակավորման դասընթացին մասնակցելու համար ունկնդիրը ուսումնական հաստատություն է ներկայացնում՝
1) դիմում, որում նշվում է դիմողի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում), դիմողի բնակության վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) հոգեբանի մասնագիտությամբ համապատասխան կրթություն ստացած լինելու փաստը հավաստող դիպլոմի պատճենը,
5) 2 գունավոր լուսանկար՝ 3x4 չափսի,
6) դիմելու օրվան նախորդած վերջին 5 տարվա ընթացքում հոգեբանի առնվազն մեկ տարվա մասնագիտական ստաժը հավաստող տեղեկանք կամ գործատուի կողմից տրամադրված այլ փաստաթղթեր:
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ դիմում ներկայացնելիս դիմողը տրամադրում է նաև պատճեններով ներկայացված փաստաթղթերի բնօրինակները (պատճենների հետ համեմատելուց հետո բնօրինակները վերադարձվում են դիմողին)։
Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2026 թվականի հոկտեմբերի 7-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:30-ից 12:30-ը և 14:30-ից 17:30-ը, Ուսումնական հաստատության վարչական շենքում՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162ա հասցեում։
Որակավորման դասընթացը կմեկնարկի 2026 թվականի հոկտեմբերի 19-ին։ Դասընթացի տևողությունը 141 ակադեմիական ժամ է, ինչպես նաև նախատեսվում է տասը աշխատանքային օր (առնվազն երկու շաբաթ) տևողությամբ պրակտիկա (տե՛ս դասընթացի ծրագիրը)։
Դասընթացը կազմակերպվում է անվճար հիմունքներով։ Դասընթացին ներգրավված ունկնդիրներն ապահովվում են սննդով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև գիշերակացով (մարզերի բնակիչ հանդիսացող ունկնդիրների համար)։
Ուսումնական հաստատությունը, ունկնդիրների դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, ստուգում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման կարգը սահմանելու մասին» N 847-Ն որոշման հավելվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին դիմողի համապատասխանությունը, ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը, ինչպես նաև ուսուցման կարգի 16-րդ կետին համապատասխանությունը։
Վերոնշյալ պահանջների և փաստաթղթերի համապատասխանությունն ու ամբողջականությունը հաստատվելուց հետո դիմողին (հավակնորդին) թույլատրվում է մասնակցել դասընթացի մասնակիցների ընտրության հարցազրույցին։
Որակավորման դասընթացի մասնակիցների ընտրության հարցազրույցին մասնակցել չի թույլատրվում, եթե՝
1. դիմողի ներկայացրած փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.
2. դիմողը չի բավարարում Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման կարգը սահմանելու մասին» N 847-Ն որոշման հավելվածի 2-րդ կետով սահմանված որևէ պահանջի.
3. դիմողը սույն հայտարարության մեջ նշված ժամկետում չի ներկայացրել որակավորման դասընթացին մասնակցելու համար պահանջվող բոլոր փաստաթղթերը։

Հարցազրույցն անցկացնում է այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը՝ ուսուցման կարգին համապատասխան։
Հարցազրույցի ընթացքում ստուգվում են դիմողի մասնագիտական գիտելիքները և գործնական իրավիճակներում կողմնորոշվելու ունակությունը։ Յուրաքանչյուր դիմողի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին։
Հարցազրույցը կարող է ձայնագրվել դիմողի (հավակնորդի) պահանջով։
Հարցազրույցի փուլը հաղթահարած դիմողները որպես ունկնդիր մասնակցում են որակավորման դասընթացին։
Որակավորման դասընթացին մասնակցելու գործընթացում դիմումատուի հետ հաղորդակցությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ վերջինիս կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հաղորդակցությունն ապահովող այլ միջոցներով։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող էքզանգահարել՝ (060)38-06-86 հեռախոսահամարով։