Քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 2025 թվականին ձեռնարկված քայլերը

սեպտեմբերի 16, 2025

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Աննա Կարապետյանը, հանդես գալով բացման խոսքով, կարևորել է գործողությունների ծրագրի իրականացման հարցում Համակարգող խորհրդի դերը, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև առկա արդյունավետ երկխոսությունը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է 2025 թվականի 1-ին կիսամյակում
գործողությունների ծրագրով Արդարադատության նախարարությանը վերապահված միջոցառումների կատարողականը՝ անդրադառնալով իրականացված վերապատրաստումներին, իրազեկման աշխատանքներին և օրենսդրական
նախաձեռնություններին:
Նիստի ընթացքում ելույթներով են հանդես եկել նաև Բարձրագույն դատական խորհրդի, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արտաքին գործերի, Պաշտպանության, Ներքին գործերի նախարարությունների, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի և Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչները՝ անդրադառնալով միջոցառումների իրականացման ընթացքին, որին հաջորդել է խորհրդի անդամ հասարակական
կազմակերպությունների հետ հարցուպատասխանը։
Անդրադարձ է կատարվել իրավահավասարության ապահովմանն ուղղված օրենսդրությանը, քրեակատարողական հիմնարկներում և դատարաններում պահման պայմանների բարելավմանը, ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտի կատարեգործմանը, վերապատրաստումների գնահատման որակական չափորոշիչներին, ինչպես նաև այլ
ոլորտային հարցերի։                                                                                                                        Քննարկվել է նաև խոշտանգումների զոհերի պաշտպանության, ներառյալ հոգեբանական աջակցության տրամադրման մեխանիզմների բարելավման հարցը՝ անդրադառնալով հնարավոր մոդելների։  Քննարկման շրջանակներում Նախարարի տեղակալը ներկայացրել է նոր օրոնսդրական նախաձեռնությունը, որը հնարավորություն կտա ապահովել խոշտանգման զոհերի հոգեբանական աջակցության տրամադրումը։
Նիստի ավարտին Աննա Կարապետյանն անդրադարձել է գործողությունների ծրագրի արդյունքների ապահովման ու գնահատման կարևորությանը, ներկայացրել մինչև տարեվերջ հիմնական գործողությունների իրականացման պլանավորումը։ Անդրադարձ է կատարվել նաև նոր ռազմավարության ու դրանից բխող գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներին, որոնք կմեկնարկեն հաջորդ տարվա տարեսկզին՝ հիմքում ունենալով նաև մարդու իրավունքների ոլորտի ժամանակակից մարտահրավերների հասցեագրման անհրաժեշտությունը: Համակարգող խորհրդի հերթական նիստը կայացել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի աջակցությամբ։