Տեղի է ունեցել ատելության խոսքի թեմայով դասընթաց՝ քաղաքացիական ու քրեական մասնագիտացմամբ դատավորների համար

մայիսի 25, 2026

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից՝ ՄԱԶԾ-ի աջակցությամբ իրականացվող «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ և ներառական կառավարման նպատակով» (ARTEMIS) ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել «Ատելության խոսքի հասկացությունը, տեսակները, իրավական պաշտպանության համակարգերը ՀՀ օրենսդրությունում և միջազգային իրավունքում» թեմայով վերապատրաստման դասընթաց՝ քաղաքացիական ու քրեական մասնագիտացմամբ դատավորների համար։
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը հանդես է եկել բացման խոսքով և կարևորել թեմայի արդիականությունը՝ հատկապես ընտրական գործընթացների համատեքստում՝ ընդգծելով, որ ատելության խոսքի և ապատեղեկատվության տարածումը լուրջ մարտահրավերներ են ժողովրդավարական ինստիտուտների կայունության, հանրային վստահության և առողջ հանրային քննարկումների ապահովման տեսանկյունից։
Դասընթացի նպատակն էր ամրապնդել ատելության խոսքի վերաբերյալ մասնագիտական գիտելիքները և զարգացնել դատավորների ինստիտուցիոնալ կարողությունները՝ ընտրական գործընթացներում նման դրսևորումներն արդյունավետ նույնականացնելու, իրավական տեսանկյունից պատշաճ գնահատելու և համաչափ արձագանք ապահովելու ուղղությամբ։
Դասընթացավարները մասնակիցներին ներկայացրել են ատելության խոսքի միջազգային չափանիշներն ու իրավական մոտեցումները, դրա տեսակները՝ քրեաիրավական, վարչաիրավական և քաղաքացիաիրավական համատեքստերում, ինչպես նաև հանրային միջավայրում և առցանց տիրույթում դրա դրսևորումները։ Անդրադարձ է կատարվել նաև ատելության խոսքի վերաբերյալ ՄԻԵԴ և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի հիմնական մոտեցումներին ու իրավակիրառ պրակտիկային։