Վերասոցիալականացման ավելի արդյունավետ համակարգ և պայմանական վաղաժամկետ ազատման նոր մոտեցումներ

հունիսի 18, 2026

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Ազգային ժողովում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծերի նպատակն է՝

  • կատարելագործել պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման և դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացի կազմակերպման իրավակարգավորումները: 
     
  • բարձրացնել վերասոցիալականացման աշխատանքների գնահատման օբյեկտիվությունը և պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացում քրեակատարողական հիմնարկների դերակատարության արդյունավետությունը։

Առաջարկվում է`

  • վերանայել պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման կարգավորումները՝ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումը դիտարկելով որպես դատապարտյալի պատշաճ վարքագծի, այլ ոչ թե նոր հանցանք կատարելու հավանականության ցուցիչ,
  • բացառել այն մոտեցումը, երբ դատապարտյալի վարքագիծը ոչ պատշաճ է գնահատվում բացառապես հանցագործությամբ պատճառված վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած չլինելու հիմքով՝ հաշվի առնելով ազատազրկման պայմաններում նրա սահմանափակ հնարավորությունները։ 
  • Սահմանել, որ այդ դեպքում դատարանը անձին պայմանական վաղաժամկետ ազատում է պատիժը կրելուց՝ նրա վրա դնելով վնասը հատուցելու պարտականություն, որի կատարումից խուսափելու դեպքում դատարանը դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ վերացնում է անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշումը:
  • Սահմանել, որ վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը յուրաքանչյուր դատապարտյալի համար կազմում է վերասոցիալականացման անհատական ծրագիր,
  • վերասոցիալականացման աշխատանքների գնահատման պարբերականությունը սահմանել 3-12 ամիս՝ ապահովելով դրանց առավել օբյեկտիվ և բովանդակային գնահատումը,
  • պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացման գործընթացի շրջանակում անհրաժեշտ գործողությունները առաջարկվում է վերապահել քրեակատարողական հիմնարկներին, որոնք անմիջականորեն իրականացնում են դատապարտյալների հետ աշխատանքը և տիրապետում են անհրաժեշտ տեղեկություններին:
    Նախագծի ընդունման դեպքում այն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի սեպտեմբերի 1-ից :