ԶԼՄ-ների համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն, որտեղ քննարկվել է գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը

հունվարի 07, 2026

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը զեկուցել է, որ նախորդ տարվա կատարողականը կազմել է 94.7% տոկոս: 

Հաշվետու ժամանակահատվածում գործարկվել են վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը և ներկայում էլեկտրոնային գործերի քանակը կազմում է 72%, Arlis-ի արդիականացված հարթակը, որն ինտեգրվել է նաև e-Draft-ի հետ՝ ապահովելով հարթակների համատեղ աշխատանքը։ Գործարկվել է նաև ամուսնաընտանեկան գործերով պարտադիր հաշտարարությունը և e-mediation.am հարթակը:
Զեկուցվել է, որ իրավունքների պաշտպանության և վեճերի լուծման արդյունավետության բարձրացման համատեքստում առաջարկվում է սահմանել քաղաքացիական և վարչական գործերի քննության հստակ ժամկետներ, որոնց վերաբերյալ նախագծերը ներկայացվել են Ազգային ժողով: Քաղաքացիական գործերի քննության համար նախատեսվում է 6–ամսյա ժամկետ, որը կարող է երկարաձգվել 2 անգամ՝ 3-ական ամսով, բայց գործի քննությունը պետք է տևի ոչ ավելի քան մեկ տարի: Վարչական գործերի դեպքում 6 ամսյա ժամկետ է սահմանվում, որը կարող է երկարաձգվել 2 անգամ՝ 6-ական ամսով, սակայն, գործի քննությունը պետք է տևի ոչ ավելի քան 1.5 տարի: ԱԺ է ներկայացվել նաև վարչական մարմինների վերաքննիչ բողոքների սահմանափակման վերաբերյալ օրենսդրական նախագիծը, որը միտված է դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը 30%-ով: Այս նախագծերի փաթեթով նախատեսվում է սահմանափակել վարչական մարմինների՝ մինչև 300.000 դրամը չգերազանցող վերաքննիչ բողոքների ներկայացումը Վերաքննիչ դատարան: Օրենսդրական փաթեթի ընդունման պարագայում ակնկալվում է, որ 2000 գործով կնվազեն Վերաքննիչ դատարան ներկայացվող բողոքները:
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ինստիտուցիոնալ բարեփոխման շրջանակում գործարկվել է նոր համակարգ, որը փոխկապակցված է ՊԵԿ, ԲՊՌ և Դեպոզիտարիայի համակարգերի հետ, ներառում է բարելավված Իրական շահառուների համակարգը և վարույթ հարուցելու ինքնաշխատ գործիքը: Թեև համակարգը գործարկվել է 2025 թ․ դեկտեմբերին, արդեն իսկ գրանցվել է 1274 ԱՁ, 1 հիմնադրամ, 4 ՍՊԸ: Այսինքն՝ նոր համակարգը հնարավորություն է տալիս իրականացնել բոլոր կազմակերպաիրավական ձևերի գրանցումը՝ առցանց, արագ և արդյունավետ եղանակով:
Անդրադառնալով այս ուղղությամբ թվայնացման գործընթացին՝ վարչապետը նշել է․ «Թվայնացման ուղղությամբ մեր անելիքը ո՞րը պետք է լինի՝ համակարգը ներդնել, զուգահեռ ինչ–որ ժամանակ աշխատի, մենք համոզվենք, որ այդ համակարգն ապահովում է այն, ինչ պետք է ապահովվի, ու կամաց-կամաց թղթային տարբերակի հնարավորությունները բարդացնել և սահմանափակել, որպեսզի, ի վերջո, դա դուրս գա»։
Երկրի ղեկավարը, խոսելով պետական համակարգին ուղղված դիմումների և նամակների մասին, նշել է․ «Պրակտիկան ցույց է տալիս, որ կան մարդիկ, ովքեր նույն նամակը տանում են այս նախարարություն, այն նախարարություն, Ազգային ժողով, Կառավարություն, նախագահի նստավայր, դատախազություն և այլն։ Հիմա թվայնացման սկզբունք ենք դնում և ասում՝ պետությունը քաղաքացուն մի տվյալը մեկ անգամ պետք է հարցնի, նույն կերպ քաղաքացին պետությանը մեկ հարցը մեկ տեղով պետք է ներկայացնի՝ էլեկտրոնային տարբերակով, քանի որ դրա վրա էլ հսկայական ժամանակ և ռեսուրս է ծախսվում»։
Այս առումով, պատասխանատուները զեկուցել են, որ այժմ համակարգը գտնվում է մշակման փուլում։
Բարեվարքության ստուգման գործիքների կատարելագործման համատեքստում սահմանվել են բարեվարքության եզրակացությունների եզրափակիչ մասի հրապարակայնության, ինչպես նաև լիազորությունների լայն շրջանակ ունեցող և ինքնուրույն որոշումների կայացման իրավասություն ունեցող հանրային պաշտոն զբաղեցնող անձանց (PTEF) բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգեր, որոնց վերաբերյալ նախագծերը ներկայացվել են ԱԺ։
Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում արդյունավետ կառուցակարգերի ներդրման համար հաստատված հայեցակարգով նախատեսվում է ստեղծել Անկախ ինքնավար մարմնի կարգավիճակ ունեցող մարմին:

Մանրամասներն այստեղ` 
https://www.primeminister.am/hy/press-release/item/2026/01/07/Nikol-Pashinyan-report-Ministry-of-Justice/