Ներկայացվել են ԵԽ աջակցությամբ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում արձանագրած բարեփոխումները
մարտի 20, 2026
Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը բացման խոսքով է հանդես եկել «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդումը» և«Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագրերի համակարգող խորհրդի երկրորդ համատեղ հանդիպմանը։
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին և ծրագրերի իրականացման մեջ ներգրավված բոլոր գործընկերներին՝ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում Արդարադատության նախարարության հետ շարունակական, նպատակային և արդյունքահեն համագործակցության համար։
Գևորգ Քոչարյանը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում արձանագրած էական բարեփոխումները, որոնք ուղղված են վերասոցիալականացման միջոցառումների, ինչպես նաև առողջապահական և հոգեբանական ծառայությունների զարգացմանը:
Ներկայացվել է, որ պիլոտավորման փուլում է գտնվում դատապարտյալների վերասոցիալականացման անհատական ծրագիրը, իսկ քրեակատարողական հիմնարկներոմ ստեղծվել են ուսումնաարտադրական տարածքներ՝ զբաղվածությունն ու վերաինտեգրումը խթանելու համար:
Պրոբացիայի ոլորտում ներդրվել են մասնագիտական զարգացման մեխանիզմներ, մշակվել է պայմանական վաղաժամկետ ազատման զեկույցի նոր ձևաչափ, կատարելագործվում է e-probation համակարգը: