Նախարարն ԱԺ նիստում ներկայացրել է վարչական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում փոփոխությունների փաթեթը

մարտի 03, 2026

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Ազգային ժողովում ներկայացրել է վարչական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում փոփոխությունների փաթեթը

Նախագծերի փաթեթը նպատակ ունի ապահովել քաղաքացիների համար գործերի ողջամիտ ժամկետում քննությունը և թեթևացնել  վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը: 
Ըստ այդմ առաջարկվում է՝ 

  1. վարչական դատավարությունում վերաքննիչ բողոքները որպես ընդհանուր կանոն քննել գրավոր ընթացակարգով.
  2. այն դեպքերում, երբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դեմ վճիռ է կայացվել վարչական դատարանում և այդ վճիռը վերաբերում է երեք հարյուր հազար դրամը չգերազանցող տուգանքներին, վարչական մարմինը չկարողանա դրանք բողոքարկել վերաքննիչ դատարան: 

Հաշվի առնելով վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը և փորձելով ապահովել բողոքների քննության ժամկետների իրատեսականությունը՝ առաջարկվում է նախատեսել վերաքննիչ բողոքների քննության 6 ամսյա ժամկետ, և այն միայն մեկ անգամ՝ ևս 6 ամսով երկարաձգելու կարգավորում:

Կարևոր է նկատի ունենալ, որ՝

  •  նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը չգերազանցող հանրային իրավական դրամական պահանջներով կայացված դատական ակտերի բողոքարկումը սահմանափակող դրույթը ուժի մեջ է մտնելու օրենքի պաշտոնական հրապարակումից երեք ամիս անց, բացառությամբ Պարեկային ծառայության և Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտերի մասով բողոքների, որոնց համար օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը. 
  • օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ վարչական մարմինների կողմից ներկայացված, բայց դեռևս վարույթ չընդունված բողոքների ընդունումը մերժվելու է, իսկ դատաքննության փուլում գտնվող բողոքների դեպքում` վերաքննիչ վարույթը կարճվելու է: