Նախարարը լրագրողների հետ շրջայց կատարեց Իրավաբանական ինստիտուտի նոր մասնաշենքում

մայիսի 28, 2014

 ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր լրագրողների հետ շրջայց կատարեց Արագածոտնի մարզի Կարբի գյուղում գտնվող «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի նորակառույց շենքում, ծանոթացավ ինստիտուտի պայմաններին:

 Նախարարը ներկաներին շնորհավորեց Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ և նշեց, որ նման միջոցառումներին լրագրողների մասնակցությունը և հանրության համար դրանց լուսաբանումը կնպաստի նախարարության գործունեության թափանցիկության և արդյունավետության բարձրացմանը՝ զարգացնելով հասարակություն- գերատեսչություն համագործակցությունը:

 Լրագրողները տեղում փորձարկեցին հրաձգարանի հնարավորությունները՝ մասնակցելով նախարարության կազմակերպած հրաձգության մրցույթին: Առաջին երեք պատվավոր հորիզոնականները զբաղեցնողները նախարարի կողմից  պարգևատրվեցին հավաստագրերով և խորհրդանշական մեդալներով:

 «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը 2013 թվականից սկսել է իր ուսումնական կենտրոնի՝ ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող շենքի  վերանորոգման (նաև վերակառուցման) աշխատանքները, որը նախատեսվում է ավարտել 2015 թվականի դեկտեմբերին:

 2014 թվականից շահագործման են հանձնվել ուսումնական կենտրոնի նկուղային ու առաջին հարկերը, որտեղ ներկայում իրականացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հատուկ ծառայությունների ծառայողների (քրեակատարողական ծառայողներ և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողներ) վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացները: Ուսումնական կենտրոնում առկա են ժամանակակից լսարաններ՝ համապատասխան գույքով և էլեկտրոնային գրատախտակներով, ունկնդիրների գիշերակացը կազմակերպելու համար նախատեսված կացարաններ, մարզադահլիճ, ճաշարան, հրաձգային վարժասարք, փակ հրաձգարան՝ ատրճանակով հրաձգություն անցկացնելու համար: