Մեղադրյալ Աշոտյանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու հանգամանքը հաստատող որևէ ապացույց նախարարին ուղղված հաղորդմամբ չի ներկայացվել. պարզաբանում

օգոստոսի 28, 2023
Այսօր փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Արդարադատության նախարարությունը մերժել է Արմեն Աշոտյանի գործով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմումը, նշելով, որ դիմումում առկա նկարագրությունը բավարար չէ վարույթ հարուցելու համար:
Թեմայի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը. Տիգրան Աթանեսյանի կողմից 17.08.2023 թվականին դիմում է ներկայացվել արդարադատության նախարարին (արդարադատության նախարարությունում այն ստացվել է 21.08.2023 թվականին) թիվ ՀԿԴ/0157/06/23 դատական գործով Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ։
Դիմումի հիմքում մասնավորապես դրվել է Դատավորի կողմից մեղադրյալ Արմեն Աշոտյանի նկատմամբ կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը բավարարելու մասին որոշմամբ Քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 9-րդ մասի, ինչպես նաև Քրեական օրենսգրքի 9-րդ մասի ենթադրյալ խախտում թույլ տալու հանգամանքը:
Դիմումում նշված փաստարկների և համապատասխան իրավական նորմերի համադրված վերլուծության արդյունքում, հաշվի առնելով օրենսդրական կարգավորումներն, ըստ որոնց, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթն իրականացվում է նախ և առաջ դատավորի և դատարանի անկախությունը հարգելու և հեղինակությունը բարձր պահելու սկզբունքների պահպանմամբ, ինչպես նաև այն հանգամանքը, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով՝ դիմումին տրվել է պատասխան առ այն, որ դրա շրջանակներում ներկայացված փաստարկներով չի հիմնավորվում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առերևույթ լինելը:
Դիմում նշվել է նաև, որ առերևույթ առկա է կասկած Դատավորի անկողմնակալ չլինելու վերբերյալ այն հիմնավորմամբ, որ Մեղադրյալը նախկին իշխանության ամենաերևելի ներկայացուցիչներից է և հստակ դիրքորոշում ունի 01.03.2008 թվականի դեպքերի վերաբերյալ, որը չի համապատասխանում այդ ժամանակվա ընդդիմության կարծիքի հետ, իսկ Դատավորի հայրը և հարազատ եղբայրը քաղաքական հետապնդումներին ենթարկվել և ազատազրկել են նշված դեպքերի կապակցությամբ:
Հարկ է նշել, որ դիմումով չի ներկայացրել Դատավորի սուբյեկտիվ ընկալումների տիրույթում գտնվող հարցի՝ Մեղադրյալի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու հանգամանքը ապացուցող փաստական հիմքեր և դրանք հիմնավորող ապացույցներ, որպիսի պարագայում, հաշվի առնելով դրա սուբյեկտիվ բնույթը, հնարավոր չէ նշված փաստը հաստատված համարել: Անհրաժեշտ է ընդգծել, որ դատավորի անաչառությունն ու անկողմնակալությունը սուբյեկտիվ կատեգորիաներ են և յուրաքանչյուր դեպքում դատավորն ինքն է ունակ ու պարտավոր գնահատելու՝ արդյո՞ք տվյալ գործով նա կարող է հանդես գալ որպես արդարադատություն իրականացնող սուբյեկտ: Հետևաբար, Դատավորի կողմից տվյալ վարույթի ընթացքում անկողմնակալ լինելու վերաբերյալ համոզմունք ունենալու պայմաններում հնարավոր չէ միանշանակ դատողություն անել և հաստատված համարել ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ Դատավորի կողմից կողմնակալ լինելու վերաբերյալ տպավորություն ստեղծելու փաստը: