ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակներում ԱՆ կողմից իրականացված քայլեր
մարտի 24, 2026
2025 թվականի ընթացքում միջազգային համագործակցության ոլորտում իրականացվել են մի շարք աշխատանքներ:
Արդեն իսկ սահմանվել են արդարադատության ոլորտում իրականացման ենթակա բոլոր գործողություններն՝ ըստ ժամանակացույցի ու կատարման պատասխանատուների։
Գործողությունների ծրագրով նախատեսված են Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող մի շարք միջոցառումներ, ներառյալ՝
- անձնական տվյալների պաշտպանության ոլորտում ինքնավար մարմնի ստեղծումը, ոլորտի օրենսդրության համապատասխանեցումը ԵՄ ստանդարտներին,
- խտրականության կանխարգելման համապարփակ օրենսդրության և մարդու իրավունքների պաշտպանության և հակակոռուպցիոն ռազմավարական փաստաթղթերի ընդունումը,
- ոլորտային միջազգային փաստաթղթերի և մարմինների հանձնարարականների իմպլեմենտացումը և այլն։
Ընդգծվել է, որ գործողությունների ծրագիրը համընկնում է նախարարության համար առանջնահերթ ուղղություններին, և արդեն իսկ իրականացվել են հետևյալ աշխատանքները.
✅անցկացվել են վերապատրաստումներ ու կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության բոլոր աշխատակիցների համար՝ բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ,
✅ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի իրականացման արդյունքները՝ գործողությունների մեծամասնությունը կատարված է,
✅մշակման փուլում է գտնվում Արդարադատության ոլորտի ռազմավարությունը, որի շրջանակներում գերակա ուղղություններ են լինելու, ի թիվս այլնի, մարդու իրավունքների պաշտպանությունն ու կոռուպցիայի կանխարգելումն ու դրա դեմ պայքարը,
✅մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում վերջնականացվել են երկու հիմնաքարային օրենսդրական նախագծեր՝ «Խտրականության կանխարգելման ու խտրականությունից պաշտպանության մասին» ու «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքները,
✅մշակվել է ատելության խոսքի համար քաղաքացիական ու վարչական պատասխանատվություն նախատեսող նախագիծը,
✅ՀՀ վարչապետի ու ոլորտային գերատեսչությունների հետ քննարկվել և համաձայնեցվել են ակտիվների բռնագանձման ինստիտուտի կատարելագործման ուղղությունները, ներառյալ ակտիվների կառավարման միասնական մարմնի իրավասությունն ու գործառույթները:
✅Հաստատվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում ինքնավար մարմնի ստեղծման հայեցակարգային ուղղությունները, որի հիման վրա մշակվում է նոր օրենքի նախագիծը. անձնական տվյալների պաշտպանության գործակալության փոխարեն կստեղծվի Հանձնաժողով՝ որպես ինքնավար մարմին,
✅իրականացվել են ոլորտային բազմաթիվ այլ վերապատրաստումներ տարբեր գերատեսչությունների համար: