Կբարելավվի իրավապահ համակարգի կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման գործընթացը

մարտի 25, 2026

Արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը ԱԺ նիստում ներկայացրել է Քրեական դատավարության օրենսգրքում և հարակից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը։ Նախագծով առաջարկվում է բանկային և հարակից գաղտնիք պարունակող տեղեկությունների առգրավման դեպքում օրենքով նախատեսել նաև էլեկտրոնային առգրավման եղանակ:
Հիշյալ գործընթացն էլեկտրոնային եղանակով իրականացնելը միտված է տեղեկատվության մշակման ու պատրաստման վրա ծախսվող ժամանակը և ռեսուրսները կրճատելուն, ինչը հնարավորություն կտա դատարանի կողմից նշված ժամկետներում վարույթն իրականացնող մարմնին տրամադրել պահանջվող բանկային և հարակից գաղտնիք պարուկանող տեղեկատվությունը՝ այդպիսով նպաստելով նաև գործի քննության ողջամիտ ժամկետի սկզբունքի պահպանմանը:
Միաժամանակ, հարկ է նշել, որ համապատասխան տվյալներն էլեկտրոնային եղանակով ստանալը չի ենթադրում, որ բանկային կամ հարակից գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են փոխանցվել ցանկացած էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ պաշտոնական կամ աշխատանքային փոստի միջոցով: