Իրավախախտ վարորդների համար օրենքի նոր նախագծով որոշ դեպքերում կսահմանվեն տուգանքների իջեցված դրույքաչափեր. Արմենպրես

հունիսի 17, 2014

 ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելուն ուղղված օրենքի նախագծով սահմանված են մի շարք դրույքաչափերի իջեցումներ իրավախախտ վարորդների համար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ նախագծում տեղ գտած փոփոխությունները ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը:  

 «ՀՀ վարչապետի 2014 թվականի մարտի 27-ի որոշմամբ` ստեղծվել է աշխատանքային խումբ`  ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների համար նախատեսված տուգանքների չափերի վերանայման նպատակով: Աշխատանքային խմբի աշխատանքների մի մասի արդյունքում կազմվել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքի նախագիծը, որը հավանության է արժանացել կառավարության կողմից ու սահմանված կարգով ներկայացվել Ազգային ժողովին»,- նշեց պաշտոնյան: Նրա խոսքով` աշխատանքային խումբը կատարել է մի շարք ուսումնասիրություններ, որոնց ժամանակ հաշվի է առնվել ճանապարհային երթևեկություն կանոնների խախտման վիճակագրությունը, ըստ որի, 2012 թվականին կազմվել է իրավախախտման 246 հազար 396,2013-ին` 324 հազար 487 արձանագրություն, որոնցում 1-5 կմ/ժամով արագությունը գերազանցելու դեպքերը 2012-ին կազմել են արձանագրված խախտումների 80.9 տոկոսը, 2013-ին` 79 տոկոսը:«Այսպիսով` օրենքի նախագծում տեղ գտած կարգավորումների համաձայն` առաջարկվում է երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժամով գերազնացելու դեպքում գերազանցված մեկ կիլոմետրի համար տուգանքի չափը սահմանել 1000 դրամ: 11-30 կմ/ժ-ով յուրաքնաչյուր գերազանցված մեկ կիլիոմետրի համար` 1500 դրամ: Նախորդ կարգավորումներով դրույքաչափերը, համապատասխանաբար, 10 հազար և 30 հազար դրամ էին: Փաստորեն, 257 հազար 314 դեպքերի վրա են տարածվում այս փոփոխությոնները և հետևանքները հանրային ազդեցության առումով, կարծում եմ, նշանակալի կլինեն»,- ասաց փոխնախարարը: Արսեն Մկրտչյանի ներկայացմամբ` հաջորդ փոփոխությունը վերաբերում է սահմանված տուգանքների չափերի պակասեցմանը` 30 օր ևավելի ու 60 օր և ավելի ժամանակահատվածում չվճարելու դեպքում: Գործող կարգավորումներով` 30 օր և ավելի չվճարելու դեպքում կրկնապատկում էին տուգանքի չափերը, իսկ 60 օր և ավելիի դեպքում` հնգապատկվում էին, ապա առաջարկվող նախագծով գանձվելու է մի դեպքում տուգանքի չափի 25, մյուս դեպքում` 75 տոկոսի չափով:

 «Աշխատանքային խումբը ուսումնասիրեց ու պարզ դարձավ, որ այս օրենսդրական կարգավորման պատճառը գանձելիության ցածր տոկոսն էր, որն այդ ժամանակ 25 տոկոս էր կազում, ներկայում 75 տոկոս գանձելիության մակարդակ է ապահովված, որի պայմաններում հանձնաժողովը առաջարկել է փոփոխություն: Արդյունքում` օրենքի նախագծով եռապատկման ու հնգապատկման դրույքաչափերը էականորեն նվազել են` 30 և ավելի օր չվճարելու դեպքում տուգանքի գումարի 25 տոկոսի չափով է հավելագրվում, 60 օր չվճարելու դեպքում` 50 տոկոսի չափով»,- ընդգծեց փոխնախարարը:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում: