ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսելի հետ քննարկվել են արդարադատության համակարգի բարեփոխումներին առնչվող հարցերը

հուլիսի 06, 2015

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հուլիսի 3-ին ընդունել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության պատվիրակությանը՝ ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսելի գլխավորությամբ:

 Հանդիպմանը մասնակցել են նաև Արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Արտյոմ Սեդրակյանը, Միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչության պետ Գևորգ Տումանովը, ինչպես նաև ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը և ՀՀ ԱԳՆ ԵԽ բաժնի վարիչ Նարինե Նիկոլյանը:

 Այցի նպատակն էր քննարկել արդարադատության համակարգի բարեփոխումներին առնչվող հարցերը: Մասնավորապես՝ ի՞նչ ընթացքի մեջ են նոր Քրեական ու Քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերի մշակումը, բարեփոխումների ի՞նչ փուլում են քրեակատարողական համակարգն ու հասարակական կազմակերպությունների ոլորտը կարգավորող օրենսդրությունը:

 Ողջունելով հյուրերին՝ Արման Թաթոյանը ներկայացրել է վերջին երկու տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ տարվող համագործակցությունը: Նա ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում իր ստանձնած միջազգային պարտավորություններին և մշտապես կատարելագործում է օրենսդրությունը՝ համապատասխանեցնելով այն եվրոպական չափանիշներին: Խոսելով քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների գործընթացի մասին՝ նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ՀՀ խորհրդարանի առաջարկների հիման վրա լրամշակվել և ուղարկվել է Ազգային ժողով: Բացի այդ, նախատեսվում է, որ այս տարվա հուլիսի վերջին ավարտին կհասցվեն ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքները: Նախատեսված է մինչև ս.թ. սեպտեմբեր միասնականացնել քրեական և քրեադատավարական օրենսգրքերի նախագծերի դրույթները:

 ԵԽ պատվիրակությանը ներկայացվել են նաև վերջին բարեփոխումները, որոնցով ՀՀ միջազգային պարտավորություններին են համապատասխանեցվել խոշտանգման համար քրեական պատասխանատվություն նախատեսող նորմերը: Խստացվել են խոշտանգման համար քրեաիրավական սանկցիաները:

 Արման Թաթոյանը տեղեկացրել է նաև Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակման մասին: Մասնավորապես՝ նախագծի հայեցակարգն արդեն իսկ ուղարկվել է միջազգային փորձաքննության. այն հիմնված է այնպիսի հիմնարար նոր սկզբունքների վրա, ինչպիսիք են՝ դատապարտյալի վարքագծի նկատմամբ ռիսկային գնահատման ու անհատական մոտեցման, դատապարտյալներին ազատության նախապատրաստելու սկզբունքները և այլն:

Քննարկվել է նաև խտրականության դեմ պայքարի վերաբերյալ նոր համապարփակ օրինագծի մշակման հարցը:

 Ալեքսանդր Գեսելը բարձր է գնահատել Հայաստանի ձեռնարկած բարեփոխումները և նշել, որ դրանք կնպաստեն համակարգի արդյունավետության բարձրացմանը, իսկ խտրականության դեմ պայաքարի օրենսդրության կատարելագործումը չափազանց կարևոր դեր կխաղա հետագայում համակարգի զարգացման համար: 

 Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանում իրավական և դատական ոլորտներում բարեփոխումների շուրջ: