Բազմաբնակարան շենքերի բնակիչների սեփականության իրավունքի գրանցման խնդիրներին լուծում տվող օրենսդրական փաթեթ է ընդունվել

մարտի 27, 2026

Ներկայացվել է օրենսդրական փաթեթ, որի նպատակն է լուծել այն խնդիրը, երբ բազմաբնակարան շենքերի տակ գտնվող հողամասերի շուրջ դատական վեճերի պատճառով քաղաքացիները չեն կարողանում ստանալ կամ գրանցել իրենց բնակարանների սեփականության իրավունքը։ Նախագիծն Ազգային ժողովում ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը: 
Գործնականում հաճախ առաջանում են իրավիճակներ, երբ հողամասի սեփականության վերաբերյալ վեճը «կասեցնում» է ամբողջ շենքի բնակարանների նկատմամբ իրավունքների գրանցման գործընթացը՝ ստեղծելով անորոշություն հարյուրավոր քաղաքացիների համար։
Արդյունքում ձևավորվում է օրինական ակնկալիք, որը չի իրացվում․ մարդիկ չեն կարողանում ձևակերպել ձեռք բերված գույքի նկատմամբ իրենց իրավունքները։

Նախագծով առաջարկվող լուծումները՝
✅ Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի հայցով հարուցված` հողամասի շուրջ դատական վեճի առկայությունը այլևս խոչընդոտ չի լինի կառուցված շենքից բնակարանի սեփականության իրավունքի փոխանցման համար, ինչպես նաև կառուցվող շենքից բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման համար։
✅Գնորդը կստանա բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը:

✅Կառավարությունը կկարողանա սահմանել շենքով զբաղեցված հողամասի սխեման, որի շրջանակում, անկախ դատական վեճի արդյունքից, երաշխավորվում է գնորդների սեփականության իրավունքը և’ բնակարանի, և’ հողամասի նկատմամբ։

Բոլոր դեպքերում գնորդներին երաշխավորվում է շենքի ընդհանուր գույքի կառավարմանը մասնակցելու հավասար իրավունք։
Կարգավորումները միտված են քաղաքացիների սեփականության իրավունքի պաշտպանությանն ու տարածվում են նաև նախկինում ձևավորված հարաբերությունների վրա։