«Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում իրավաբանական անձանց պատասխանատվությունը կոռուպցիայի համար» խորագրով զեկույցը

օգոստոսի 03, 2015

 Հետևողական լինելով Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում հնչեցրած հանձնարարականների կատարմանը, կարևորելով գործարար ոլորտի ներգրավվածությունը կոռուպցիայի դեմ պայքարին և միջազգային գործընկերների հետ համագործակցությունը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը թարգմանել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի «Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում իրավաբանական անձանց պատասխանատվությունը կոռուպցիայի համար» խորագրով զեկույցը:

 Այս միջերկրային զեկույցում վերլուծվում է կոռուպցիայի համար իրավաբանական անձանց պատասխանատվության վերաբերյալ օրենսդրությունը և դրա կիրառման ապահովումը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում:

 Ուսումնասիրությունը կարևորվում է, քանի որ տնտեսության համար առավելապես վտանգավոր են  իրավաբանական անձանց կողմից կատարվող կոռուպցիոն իրավախախտումները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս հանդիսանում են տնտեսության շարժիչ ուժը: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձանց նմանատիպ վարքագծի համար քրեական կամ վարչական պատասխանատվության ինստիտուտ չի գործում։

 Այս առումով, տվյալ զեկույցը վեր է հանում իրավաբանական անձանց կոռուպցիոն վարքագծի համար նախատեսվող պատասխանատվության  վերաբերյալ միջազգային փորձը, ինչը կարող է օգտակար լինել քրեական և վարչական օրենսդրական բարեփոխումների իրականացման ընթացքում: