Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Աննա Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

հուլիսի 17, 2026

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) ներկայացուցիչներին։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Էստոնիայի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները անձնական տվյալների պաշտպանության ոլորտում։
Աննա Կարապետյանը ներկայացրել է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով, որ մշակվել է օրենսդրական նախագիծ ուղղված ազգային օրենսդրության համապատասխանեցմանը Եվրոպական միության տվյալների պաշտպանության չափանիշներին և անկախ վերահսկողության համակարգի ձևավորմանը։ Ներկայացվել են անձնական տվյալների պաշտպանության անկախ մարմնի ստեղծման, տվյալների պաշտպանության ազդեցության գնահատման մեխանիզմի, տվյալների պաշտպանության պատասխանատուների  ինստիտուտի ներդրման և վերահսկողական լիազորությունների ընդլայնման նախաձեռնությունները։
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ անձնական տվյալների պաշտպանության ոլորտի բարեփոխումները Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման գործընթացի կարևոր նախապայմաններից են։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության պատրաստակամությունը Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում: