Աննա Կարապետյանն ընդունել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի նախագահին

ապրիլի 30, 2026
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Բենբերիին: Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն և ընտրական բարեփոխումների իրականացման համատեքստում Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությունը: Նա կարևորել է ինչպես կատարված առանցքային օրենսդրական փոփոխությունների, այնպես էլ իրավասու մարմինների և աշխատակիցների կարողությունների զարգացման գործընթացում հիմնադրամի առանցքային աջակցությունը: Էնթոնի Բենբերին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Արդարադատության նախարարության դերը՝ համագործակցության համար արդյունավետ և գործընկերային միջավայր ապահովելու համատեքստում, ինչպես նաև նախարարության՝ շարունակական բարեփոխումների իրականացման հանձնառությունը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ժողովրդավարական կառավարման ամրապնդման, վստահելի ընտրական գործընթացների զարգացման, հակակոռուպցիոն մարմինների կարողությունների հզորացման, միջգերատեսչական համագործակցության և տեղեկատվության փոխանակման մեխանիզմների բարելավման, ինչպես նաև պետական կառույցներում բարեվարքության ու հաշվետվողականության հետագա բարելավման ուղղություններին։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը ընտրական համակարգի կատարելագործման և հակակոռուպցիոն բարեփոխումների ուղղությամբ։