Աննա Կարապետյանն ընդունել է ԵԽԽՎ նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը
մայիսի 14, 2026
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ Դամիեն Կոտյեի գլխավորությամբ։
Աննա Կարապետյանը բարձր է գնահատել դիտորդական առաքելությունների ներգրավվածությունը ընտրական գործընթացներին՝ ընդգծելով դրանց առանցքային դերը ընտրությունների նկատմամբ հանրային վստահության բարձրացման և ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում։
Պատվիրակության անդամները ներկայացրել են ընտրական գործընթացների համատեքստում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող իրենց հարցադրումները: Նախարարի տեղակալը ներկայացրել է առկա օրենսդրական կարգավորումները և պլանավորված աշխատանքները՝ շեշտադրելով նաև քրեակատարողական հիմնարկներում քվեարկության թափանցիկության ապահովմանն ուղղված առկա մեխանիզմները և տնային կալանք խափանման միջոցի կիրառման դեպքում ընտրական իրավունքի իրացման հնարավորությունը:
Ամփոփելով հանդիպումը՝ Աննա Կարապետյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության աներկբա հանձնառությունը՝ ապահովելու ազատ, արդար և միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրական գործընթացներ:
Հանդիպմանը մասնակցել է նաև Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։