Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն առաջին անգամ տուգանել է կազմակերպությանը` անձի տվյալները ոչ իրավաչափ մշակելու համար
դեկտեմբերի 25, 2023
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից հարուցվել են վարչական վարույթներ՝ վճարահաշվարկային ծառայություններ մատուցող մի քանի կազմակերպությունների կողմից անձնական տվյալների մշակման համապատասխանությունն ստուգելու համար, և այդ կազմակերպություններից մեկի նկատմամբ արդեն կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք նշանակելու ձևով: Նշանակված տուգանքի գումարն այդ կազմակերպության կողմից պատշաճ ձևով վճարվել է պետական գանձապետական համապատասխան հաշվեհամարին:
Նշենք, որ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը պետական հսկողություն է իրականացնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից իրականացվող անձնական տվյալների մշակման օրինականության նկատմամբ:
Գործակալությունն իր նախաձեռնությամբ կամ համապատասխան դիմումի հիման վրա վարչական վարույթի շրջանակներում ստուգում է անձնական տվյալների մշակման համապատասխանությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին և այդ պահանջների խախտման դեպքում կիրառում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված վարչական տույժ։