2025թ․-ի դատաիրավական ոլորտի բարեփոխումները
մարտի 23, 2026
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է 2025 թվականի ընթացքում Կառավարության ծրագրի ներքո իրականացված բարեփոխումներն իրավունքի և արդարադատության ոլորտում։
Նախարարը ներկայացրել է հիմնական բարեփոխումները, որոնք իրականացվել են նախորդ տարվա ընթացքում՝
- Նոր Սահմանադրության մշակման աշխատանքներն ընթանում են ակտիվ կերպով՝ անցկացվել են բարեփոխումների խորհրդի բազմաթիվ նիստեր, որոնք այս տարի ևս շարունակվում են:
- Խորհրդարանի կողմից ընդունվել է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման հարաբերությունների բարեփոխման փաթեթը։
Դատաիրվական ոլորտի բարեփոխումների շրջանակում՝
- ներդրվել է գործերի քննության ողջամիտ ժամկետի ինստիտուտը,
- առաջարկվում է նախատեսել քաղաքացիական և վարչական գործերի և բողոքների քննության հստակ ժամկետներ և գրավոր ընթացակարգեր:
Նախատեսվում է դատավորի փոփոխության դեպքում գործերի քննությունն ընդհատման պահից շարունակելու ընդհանուր կանոն, ինչպես նաև նոր դատավորի կողմից ապացույցների հետազոտման առավել ճկուն ընթացակարգեր:
Սահմանափակվել է վարչական մարմինների կողմից մինչև 300.000 դրամ հանրային իրավական դրամական պահանջներով կայացված դատական ակտերը Վերաքննիչ դատարանում բողոքարկելու իրավունքը։
Քաղաքացիական դատարանի ծանրաբեռնվածությունն էականորեն կրճատվել է, այսպիսով՝
- վերջին 2 տարիների ընթացքում քաղաքացիական դատարանը գործում է 80%-ով նվազ ծանրաբեռնվածությամբ:
Խոսելով առաջիկա անելիքներից նախարարը նշել է, որ հաջորդ խնդիրը վարչական և քրեական դատարանների ծանրավեռնվածության նվազեցումն է և ողջամիտ ժամկետներում գործերի քննության երաշխավորումը: Բացի քաղաքացիական և վարչական դատարաններում գործերի քննության ողջամիտ ժամկետ նախատեսելուց՝ նույնատիպ իրավակարգավորումներ են նախատեսվում նաև քրեական դատավարության օրենսգրքում, այսինքն՝
- նախատեսվելու է դատավորների փոփոխության դեպքում գործը զրոյական կետից չսկսելու կանոն,
- ապացույցների հետազոտման ավելի ճկուն համակարգ է մշակվում և սահմանվում է գործի քննության ժամկետ, այս պահին ընտրվել է մեկ տարին և ոչ ավել քան 2 անգամ պատճառաբանված որոշմամբ երկարաձգման հնարավորությունը:
- Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացման մասով՝ 2025 թվականի հուլիսի 1-ից գործարկվել է ընտանեկան որոշ գործերով պարտադիր հաշտարարությունը, ինչի արդյունքում առկա է վարույթ ընդունված գործերի 57 %-ով նվազում:
- Ակտիվացել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի գործունեությունը, որը նախորդ տարի վարել է 307 արբիտրաժային գործ, որոնցից 1-ը՝ միջազգային և 165՝ հաշտարարության գործ, որոնցից 15-ը՝ միջազգային:
Նախարարը նշել է՝
- «Gallup» կենտրոնի «Օրենք և կարգ» զեկույցում ոլորտը գնահատվել է 84 տոկոս՝ նախորդ հաշվետու տարվա համեմատ առաջադիմելով 1 միավորով,
- «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության մամուլի ազատության համաթվում Արդարադատության նախարարությունը զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը` դիրքերը բարելավելով 9 հորիզոնականով իսկ «Freedom House» հետազոտական կազմակերպության «Ազատությունը համացանցում 2025» զեկույցի շրջանակում Հայաստանը շարունակում է մնալ համացանցի ազատության ցուցիչով ազատ պետությունների ցանկում։