Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն
Մրցույթներ

Հայտարարություն՝ հաշտարարների հավակնորդների որակավորման ստուգման մասին

հոկտեմբեր 15, 2026

Հաշտարարների հավակնորդների որակավորման ստուգում. ընթանում է հայտերի ընդունումը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը մեկնարկում է հաշտարարների հավակնորդների որակավորման ստուգման անցկացման աշխատանքները։

Որակավորման ստուգման առաջին՝ գրավոր փուլը կանցկացվի 2026 թվականի նոյեմբերի 13-ին, ժամը 10:00, ՀՀ փաստաբանական ակադեմիայում (հասցե՝ ք. Երևան, 7/3 Զաքյան փողոց)։

 

Ով կարող է մասնակցել

Որակավորման ստուգմանը կարող է մասնակցել 25 տարին լրացած և բարձրագույն կրթություն ունեցող անձը, ով անցել է արդարադատության նախարարի հաստատած ծրագրին և ուսուցման կարգին համապատասխան ուսուցման դասընթաց։

Ուսուցման դասընթացի փոխարեն կարող է ներկայացվել օտարերկրյա պետությունում նմանատիպ դասընթաց անցած լինելու վկայագիր։ Դրա ճանաչումն ու համարժեքության հաստատումն իրականացնում է որակավորման հանձնաժողովը։

Ուսուցման դասընթաց անցած լինելու պարտականությունից ազատվում է այն անձը, որը հանդիսանում է ստորև նշված օտարերկրյա հեղինակավոր կազմակերպություններից մեկի արտոնագրված հաշտարար.

  • Արբիտրների լիազորված ինստիտուտ (Chartered Institute of Arbitrators),
  • Վեճերի արդյունավետ լուծման կենտրոն (Centre for Effective Dispute Resolution),
  • Հաշտարարների հասարակություն (The Society of Mediators),
  • Հաշտարարության միջազգային ինստիտուտ (International Mediation Institute),
  • Վեճերի արդյունավետ լուծման կենտրոնի ակադեմիա։

 

Արտոնագրված հաշտարարի որակավորում չի կարող շնորհվել այն անձին, որը՝

  • դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը մարված կամ վերացված չէ,
  • դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչված է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ սնանկ, և սնանկության վարույթը չի ավարտվել,
  • նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում։

 

Ներկայացվող փաստաթղթերը

  • Դիմում՝ կցված ձևով։
  • Դիմումատուի գունավոր լուսանկար՝ 3 x 4 չափսի։
  • Անձը հաստատող փաստաթղթի պատճենը։
  • Բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը։
  • Նախարարի սահմանած կարգով ուսուցումն անցած լինելը հավաստող փաստաթղթի պատճենը։ Ուսուցումից ազատված անձինք դրա փոխարեն ներկայացնում են՝
    • օտարերկրյա պետությունում նմանատիպ դասընթաց անցած լինելու վկայագրի պատճենը, կամ
    • վերը նշված օտարերկրյա հեղինակավոր կազմակերպության հաշտարար հանդիսանալու փաստը հավաստող տեղեկանք՝ տրված այդ կազմակերպության կողմից։
  • Նոտարական կարգով հաստատված գրավոր հայտարարություն այն մասին, որ դիմումատուն դատապարտված չէ հանցագործության համար, կամ դատվածությունը մարված կամ վերացված է, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչված չէ անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ սնանկ, իսկ սնանկ ճանաչված լինելու դեպքում սնանկության վարույթն ավարտվել է, և նրա նկատմամբ հարուցված չէ քրեական հետապնդում։
  • Որակավորման ստուգմանը մասնակցելու համար օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։

Տուրքը կազմում է 10.000 ՀՀ դրամ և վճարվում է 900005002796 գանձապետական հաշվեհամարին։

Նույն օրացուցային տարում ուսուցման դասընթացներին մասնակցելու նպատակով կից փաստաթղթերն արդեն ներկայացրած անձինք ազատվում են դրանք կրկին ներկայացնելու պահանջից։

 

Ներկայացման եղանակը և վերջնաժամկետը

Դիմումը և կից փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ info@moj.am էլ. փոստի հասցեին։

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի հոկտեմբերի 30-ն է, ժամը 18:00-ը։

Դիմումին կից փաստաթղթերի պատճենները էլեկտրոնային եղանակով ներկայացվելուց հետո դրանց բնօրինակները անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նախարարության կողմից՝ բովանդակության ստուգման նպատակով:

Դիմումում կամ կից փաստաթղթերում թերություններ լինելու դեպքում դիմողը կտեղեկացվի դրանց մասին և կունենա երեք աշխատանքային օր՝ դրանք շտկելու համար։

Ծանուցումները և փաստաթղթերն ուղարկվում են դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին և հասանելի են լինում առցանց հարթակում։ Դա համարվում է պատշաճ ծանուցում։

 

Որակավորման ստուգման փուլերը

Որակավորման ստուգումն անցկացվում է հայերենով, երկու փուլով։

I փուլ՝ գրավոր առաջադրանք (2026 թ. նոյեմբերի 13)

Փուլն անցկացվում է համակարգչով՝ ծածկագրի կիրառմամբ։ Ընդհանուր տևողությունը 180 րոպե է։

Առաջադրանքը ներառում է՝

  • 30 թեստային հարց, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 1 միավոր, ընդհանուրը՝ 30 միավոր,
  • իրավիճակային խնդիր, որը գնահատվում է առավելագույնը 20 միավոր։

Առաջադրանքի նմուշը կհրապարակվի նախարարության կայքում ոչ ուշ, քան 2026 թ. նոյեմբերի 1-ը։ Թեստային հարցերի ճիշտ պատասխանները կհրապարակվեն փուլի ավարտից անմիջապես հետո։

Աշխատանքները կստուգվեն երկշաբաթյա ժամկետում։ Արդյունքների մասին մասնակիցները կտեղեկացվեն ստուգման ամփոփումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։ Արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել հանձնաժողովին՝ տեղեկացվելուց հետո չորս աշխատանքային օրվա ընթացքում։

Երկրորդ փուլ անցնում են թեստից առնվազն 25 և խնդրից առնվազն 15 միավոր ստացած մասնակիցները։ Նրանց ցանկը կհրապարակվի նախարարության կայքում, կուղարկվի էլեկտրոնային փոստով և կարտացոլվի առցանց հարթակում։

 

II փուլ՝ հարցազրույց

Հարցազրույցը կանցկացվի բողոքարկման արդյունքներն ամփոփելուց հետո քսանօրյա ժամկետում։ Մասնակիցները դրա օրվա մասին կտեղեկացվեն առնվազն մեկ շաբաթ առաջ։

Հարցազրույցը կարող է ներառել հիպոթետիկ իրավիճակի վերլուծություն կամ փորձնական հաշտարարություն։ Այն գնահատվում է առավելագույնը 20 միավորով։

Որակավորման ստուգումը հաղթահարած են համարվում հարցազրույցից առնվազն 12 միավոր ստացած մասնակիցները։

 

Որակավորման շնորհումը

Արտոնագրված հաշտարարի որակավորումը շնորհում է արդարադատության նախարարը՝ հանձնաժողովի առաջարկության հիման վրա, հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

Որակավորում ստացած անձանց տվյալները կհրապարակվեն նախարարության կայքում։ Նրանց կտրվի անժամկետ որակավորման վկայագիր։

Որակավորման շնորհումը մերժելու որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով։

 

Քննության օրը

Մասնակիցը ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով։ Առանց դրա, ինչպես նաև ստուգումն սկսվելուց հետո ներկայացած անձինք քննասենյակ չեն թողարկվում։

Լրացուցիչ տեղեկությունների համար՝ (010) 594052