Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Փաստաբանների հետ քննարկվել են պարզեցված վարույթի կարգով քննվող գործերին առնչվող հարցեր

նոյեմբերի 13, 2018

Փաստաբանական համայնքի մի շարք ներկայացուցիչների նախաձեռնությամբ ՀՀ արդարադատության նախարարությունում այսօր տեղի է ունեցել քննարկում «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանի տեղեկացմամբ, չնայած օրեր առաջ այս Նախագծի շուրջ ծավալված քննարկմանն, ի թիվս շահագրգիռ այլ կողմերի, ներկա են եղել նաև Փաստաբանների պալատի ներկայացուցիչները, այդուհանդերձ, տեղեկանալով, որ մի շարք փաստաբաններ նախագծի վերաբերյալ ևս առաջարկներ ունեն, կազմակերպվել է այս հանդիպումը:

Փաստաբան Կարապետ Բադալյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և կարևորել օրենքների նախագծերի վերաբերյալ այս ձևաչափով քննարկումների կազմակերպումը:

Մասնագիտական քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել պարզեցված վարույթի կարգով քննվող գործերին առնչվող փաստաբանների առաջարկներին, որոնց մի մասի վերաբերյալ տրվել են պարզաբանումներ, որոշներն ընդունվել են համաձայնությամբ, որ դրանք կիրացվեն Նախագծի լրամշակման ընթացքում: