Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Սա պատմական փոփոխության հնարավորություն է. արդարադատության փոխնախարարը՝ նոր Պարեկային ծառայության մասին

հուլիսի 20, 2020

Պարեկային ծառայության ներդրումը ոստիկանության ոլորտի բարեփոխումների առաջին տեսանելի քայլն է, որը հաստատվել է այս տարվա ապրիլին: Հուլիսի 18-ին, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կազմակերպած հանրային քննարկման ժամանակ, խոսելով նոր Պարեկային ծառայության ստեղծման մասին, նշել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը՝ ընդգծելով, որ ոստիկանության բարեփոխումներն առաջնահերթություն են գործող Կառավարության համար։ «Բարեփոխումներն ուղղված են ոստիկանությունում զարգացումները ժամանակակից մարտահրավերներին համապատասխանեցնելուն»,- նշել է Քրիստիննե Գրիգորյանը, այնուհետև ներկայացրել Միջազգային հանրապետական ինստիտուտի իրականացրած հարցման արդյունքները․ այն հարցին, թե ինչպե՞ս է հասարակությունը գնահատում համավարակի ընթացքում Ոստիկանության աշխատանքը, հարցվածների 65 տոկոսը նշել է, որ աշխատանքն ավելի լավն է, քան նախկինում:

«Պարեկային ծառայությունն այն լավ օրինակն է, թե ինչպես հասարակական կարգի պահպանության  կամ հասարակական անվտանգության ապահովման, ճանապարհային անվտանգության կարգի կազմակերպման առումով գործել ավելի արդյունավետ ու մարդակենտրոն»,- ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ Կառավարությունը ձգտում է ունենալ այնպիսի Ոստիկանություն, որը բնորոշ է ժողովրդավարական հասարակությանը, որը ծառայում է ոչ թե օրվա իշխանության քաղաքական շահերին, այլ հասարակական անվտանգության ապահովմանը, հանցագործությունների կանխմանը։

Քրիստիննե Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ Պարեկային ծառայությունը Երևանում իր աշխատանքները կմեկնարկի 2021-ի առաջին եռամսյակից, իսկ ամբողջ Հայաստանում՝ 2022 թվականի առաջին եռամսյակից: «Փուլային մոտեցման նպատակն այն է, որ պատրաստվեն բավարար որակով և բավարար թվով կադրեր և ոչ թե ունենալ զանգվածային կադրերի պատրաստման կոնվեյեր ու չունենալ անհրաժեշտ որակ: Սա պատմական փոփոխության հնարավորություն է և մեր քաղաքացիներից յուրաքանչյուրը պետք է այդ փոփոխության մասնակիցը կամ աջակիցը դառնա»,- հայտարարել է արդարադատության նախարարի տեղակալը:

Հիշեցնենք, որ նոր կառույցում ծառայության կարող են անցնել 18-35 տարեկան ՀՀ քաղաքացիները՝ համապատասխան պատրաստվածություն անցնելուց հետո:
Պարեկային ծառայության ծառայողների նվազագույն աշխատավարձը կկազմի 320 հազար դրամ: Նրանց համար նախատեսվում են նաև սոցիալական երաշխիքներ։
Պարեկային ծառայողների համալրումը տեղի է ունենալու բացառապես բաց մրցույթով, ծառայողների ընտրության և նրանց 5-ամսյա ծրագրով վերապատրաստման կրթական ծրագիր իրականացնելու արդյունքում:
Պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, զենքի հատուկ միջոցների, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սարքավորումների լրիվ նոր հագեցվածություն: