Պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումներ են անցկացվել ԱՏՊ նոր լիազոր մարմնի ստեղծմանը վերաբերող օրենսդրական նախագծերի փաթեթի շուրջ
սեպտեմբեր 16, 2026
Սեպտեմբերի 15-ին և 16-ին պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումներ են անցկացվել անձնական տվյալների պաշտպանության նոր լիազոր մարմնի ստեղծմանը վերաբերող օրենսդրական նախագծերի փաթեթի շուրջ։
Արդարադատության նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են «Անձնական տվյալների պաշտպանության հանձնաժողովի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվող հիմնական կարգավորումները։
Մասնավորապես, ներկայացվել են անձնական տվյալների պաշտպանության ինքնավար մարմնի՝ Հանձնաժողովի ստեղծման, դրա կարգավիճակի, կազմավորման կարգի, անկախության երաշխիքների և լիազորությունների վերաբերյալ առաջարկվող մոտեցումները։ Անդրադարձ է կատարվել նաև ոլորտում ներդրվող նոր իրավական գործիքներին, այդ թվում՝ անձնական տվյալների պաշտպանության պատասխանատուի և անձնական տվյալների պաշտպանության ազդեցության գնահատման ինստիտուտներին։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել պետական մարմինների կողմից նախապես ներկայացված դիտարկումներին և առաջարկություններին, որոնց վերաբերյալ Արդարադատության նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են համապատասխան պարզաբանումներ և արձագանքներ։ Մտքերի փոխանակման շրջանակում քննարկվել են նաև առաջարկվող կարգավորումների գործնական կիրառման հարցերը և հնարավոր լուծումները։
Քննարկումներն իրականացվել են «Աջակցություն Հայաստանում տվյալների պաշտպանությանը» ԵՄ ծրագրի շրջանակում։