Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Միջոցառումներ՝ Մայիսյան հաղթանակների կապակցությամբ

մայիսի 08, 2015

 Նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ Մայիսյան Մեծ Հաղթանակների առթիվ այսօր ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցները մասնակցել են մի շարք միջոցառումների:  Նախարարը և համակարգի  հինգ տասնյակից ավելի աշխատակից   Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում արյան դոնոր են դարձել: Արյուն հանձնելուց հետո ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշել է. «Այս գաղափարն առաջին անգամ չէ, որ Արդարադատության նախարարության համակարգում կյանքի է կոչվում:

 Մենք համակարգով որոշեցինք, որ այն կամավորները, ովքեր պատրաստ են արյուն հանձնել, այս տոնական օրը՝ մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրության օրը, ոչ միայն արձանագրեն այն որպես մեր տոնացույցի կարևորագույն տոն, այլև փորձեն ինչ-որ բան անել»:

 Նախարարը շեշտել է, որ հայրենասիրությունը տոնը նշելով և ուրախանալով չէ միայն. «Դա բավականին քիչ է, պիտի կարողանալ տոնին նաև ինչ-որ իմաստ հաղորդել: Փորձեցինք ինչ-որ բան անել, ընդհանուրին նվիրաբերել: Կարծում եմ՝ նախաձեռնությունը հետաքրքիր է, կշարունակենք: Համակարգից 50-55 մարդ պատրաստակամություն հայտնեց այսօր գալ և դոնոր դառնալ»:

 Նախարարի հաջորդ կանգառը Հայրենական Մեծ Պատերազմի վետերան սպաներ ամուսիններ  Գրիշա Դավթյանի, Սեդա Բաղդասարյանի և նախկին բուժաշխատող Շողիկ  Սարաֆյանի բնակարաններն էին:

 ՀՀ արդարադատության նախարարը շնորհավորել է պատերազմի վետերաններին՝ մաղթելով քաջառողջություն, տոկունություն և երկար տարիների կյանք: Վետերանները ներկայացրել են պատերազմի իրենց անցած ուղին, ցուցադրել արխիվային թերթեր և լուսանկարներ: 92-ամյա Սեդա Բաղդասարյանը, հիշելով պատերազմի տարիներից մի դրվագ, երբ իրենց հաջողվել է ոչնչացնել Ֆաշիստական Գերմանիայի կողմից ռմբակոծող թուրքական ինքնաթիռները, ինչի համար նա արժանացել է Ուկրաինայի ԽՍՀ հերոսի կոչման:

 Պատերազմի վետերան Շողիկ Սարաֆյանը, նախարարին ցույց տալով սխրանքի շքանշանները, նշել է, որ հպարտանում է ժամանակին իրենց ուժերով ձեռք բերված հաղթանակի այսօրվա արդյունքը տեսնելով: Նա կարևորել է պետության հոգածությունը և ուշադրությունը վետերանների հանդեպ՝ միաժամանակ ասելով, որ իննսունն անց մարդկանց համար ամենակարևորը հարգանքն է: Նախարարին տիկին Շողիկը հյուրասիրել է իր պատրաստած հյութով՝ կեսկատակ ապացուցելով  որ դեռ  չի ուզում հանձնվել ծերությանը:

 Վետերաններին հրաժեշտ տալով՝ Հովհաննես Մանուկյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: