Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Միջազգային բանտային կրթության ցանցի անդամների հետ քննարկվել են բանտային կրթությանը վերաբերող մի շարք հարցեր

դեկտեմբերի 11, 2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր ընդունել է  Միջազգային բանտային կրթության ցանցի անդամներին: Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի  ներկայացուցիչները Հայաստանում են՝ մասնակցելու տարեկան հանդիպմանը, որն իրականացվում է «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

Քննարկմանը մասնակցել են նաև Ցանցի հայաստանյան համահիմնադիր Գայանե Հովակիմյանը,ՀՀ ԱՆ հակակոռւպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Կարեն Հակոբյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բրանդենբուրգի Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Ֆիշեր Հորսթը,այլք:

Նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ողջունել է  ցանցի անդամներին  և ներկայացրել Հայաստանի ազատազրկման վայրերում գտնվող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության, բանտային կրթության, դատապարտյալների զբաղվածության ապահովման Արդարադատության նախարարության մոդելը: Սուրեն Քրմոյանն անդրադարձել է նաև քրեակատարողական հիմնարկներում վերջին շրջանում կատարված մեծածավալ բարեփոխումներին: Այդ համատեքստում փոխնախարար Քրմոյանը առանձնացրել է վերջերս ՀՀ-ում տեղի ունեցած ամենածավալուն համաներման ակտը և ընդգծել, որ այն ոչ միայն մարդասիրական, այլև դատապարտյալներին հասարակություն վերադարձնելու, նրանց վերասոցիալականացնելու կարևորագույն քայլ էր:

Քննարկման ընթացքում փոխնախարարը ցանցի անդամներին է  ներկայացրել նաև անազատության մեջ գտնվող անձանց ստեղծագործական և մշակութային գործունեությունը՝ ընդգծելով, որ այսօր դատապարտյալների կողմից պատրաստվում են տարբեր տեսակի ձեռագործ իրեր, հուշանվերներ:

Հանդիպման ընթացքում Միջազգային բանտային կրթության ցանցի անդամների հետ զրույցում անդրադարձ է կատարվել բանտային կրթության շրջանակում իրականացվող ծրագրերին ու ոլորտում առաջիկա անելքիներին: