Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Մենք պատրաստվում ենք բարեփոխել դատական համակարգի հիմնական աշխատանքային ծրագրերը՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ. Գրիգոր Մինասյան

դեկտեմբերի 14, 2022
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը մասնակցել և ելույթի խոսքով է հանդես եկել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցություն» ծրագրի բացման արարողությանը:
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագիրը հնգամյա ծրագիր է, որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ձևավորելու առավել անաչառ և անկախ արդարադատության համակարգ, ինչպես նաև բարձրացնելու իրավունքի գերակայության հանդեպ հանրային վստահությունը:
Գրիգոր Մինասյանն իր ելույթում կարևորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցությունը, որի արդյունքն է «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի ստեղծումը: Հիմնադրամը կարևոր մարմին է Արդարադատության նախարարության գործունեության շրջանակներում, որը ոչ միայն մասնակցում է իրավական ակտերի մշակմանը և օրենսդրական դաշտի բարելավմանը, այլև հանրային քննարկումների կազմակերպմանը, ինչպես նաև մի շարք կարևոր ծրագրերի կատարմանը։
Մինասյանը նշել է, որ արդարադատության ոլորտային ռազմավարական կարևորագույն փաստաթղթերից մեկը` Դատական և իրավական բարեփոխումներրի ռազմավարությունը, մշակվել է հենց Հիմնադրամի կողմից: Բացի այդ, Հիմնադրամի ակտիվ մասնակցությամբ է իրականացվում նաև սահմանադրական բարեփոխումների գործընթացը։
Գրիգոր Մինասյանն անդրադարձել է նաև դատաիրավական բարեփոխումների կարևոր տարր հանդիսացող Էլեկտրոնային արդարադատությանը: Մասնավորապես, ոլորտային թվայնացման աշխատանքները կարևորվում են որպես դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման գործիք, և այս ուղղությամբ միահամուռ աշխատաքները կնպաստեն Էլեկտրոնային դատարանի ստեղծմանն ու պատշաճ ներդրմանը:
Մինասյանը հայտնել է, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ նախարարությունը պատրաստվում է անդրադարձ կատարել դատական համակարգի հիմնական աշխատանքային ծրագրերին, ներառյալ Cast, վիճակագրության գործիքներ, գործերի մակագրման, ձայնագրության և այլ առանցքային համակարգեր:
Մինասյանը կարևորել է նաև Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծման աշխատանքները, որը կարևոր միջոցառում է Հայաստանում վեճերի լուծման այլընտրանքային եղանակներն զարգացնելու և որպես դրա արդյունք նաև դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու տեսանկյունից։