Մեկնարկել է ապագա հաշտարարների վերապատրաստման հնգօրյա դասընթացը
հոկտեմբեր 05, 2026
Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ այսօր մեկնարկեց ապագա հաշտարարների վերապատրաստման հնգօրյա դասընթացը:
Մասնակցության հայտ ներկայացրած շուրջ 300 հավակնորդից 26-ը հնարավորություն են ստացել մասնակցելու միջազգային փորձագետ-հաշտարարների կողմից մշակված 39 ակադեմիական ժամ տևողությամբ ծրագրին:
Դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցել որակավորման քննությանը, որը հաջողությամբ հանձնելու դեպքում կստանան հաշտարարի որակավորում և իրենց ներդրումը կունենան համակարգի արդյունավետության բարձրացման և ոլորտի շարունակական բարեփոխումների գործում։ Այս միջոցառմանն աջակցել է Դանիայի, Լյուքսեմբուրգի և Կորեայի Հանրապետության կառավարությունների կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում, արդարադատության մատչելիության ապահովում, փախստականների և ընդունող համայնքների համար միասնական և աջակցող միջավայրի ձևավորում» ծրագիրը։