Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Հերքում. Սերգեյ Մեղրյանին՝ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում նշանակելու համար հատուկ օրենսդրական փոփոխություններ չեն կատարվել

մարտի 19, 2020

Տպագիր մամուլում, այնուհետև լրատվական կայքերի մամուլի տեսությամբ այսօր հրապարակվել է «Օրենք՝ հանուն ընկերո՞ջ. ԴԱՀԿ պետի նշանակման առեղծվածը» վերտառությամբ հոդված, որում, մասնավորապես, նշված է, որ «նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ընկերն է և այդ պաշտոնին կարողացավ նշանակվել միայն օրենքի փոփոխության շնորհիվ»:

Տեղեկացնենք, որ նախարար Բադասյանը, մինչև վերջին ժամանակահատվածը, Սերգեյ Մեղրյանի հետ առնչվել է ուսանողական տարիներին: 

                Ինչ վերաբերում է օրենսդրական փոփոխություններին՝ ապա հունվարի 21-ին Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 65 օրենքների նախագծերը ներկայացվել էին ՀՀ վարչապետի աշխատակազմի Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից, որոնք, ի թիվս այլնի, բխում էին հանրային ծառայության համակարգի բարեփոխումների ոլորտում Կառավարության որդեգրած և իրականացվող քաղաքականությունից։                

Այդ բարեփոխումների արդյունքում ոչ միայն Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, այլև Քրեակատարողական և Փրկարար ծառայություններում են կատարվել համապատասխան փոփոխություններ: Մեկ տասնյակից ավելի այլ օրենքներում վերանայվել են պաշտոններին ներկայացվող պահանջները: 

                Այսպիսով, պնդումները, թե Սերգեյ Մեղրյանը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ընկերն է և այդ պաշտոնին հատուկ իրեն նշանակելու համար կատարվել է օրենքի փոփոխություն, իրականությանը չեն համապատասխանում։