Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Կայացավ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման էլեկտրոնային միասնական կառավարման ծրագրի շնորհանդեսը

սեպտեմբերի 25, 2015

 ՀՀ նոտարական պալատում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալության էլեկտրոնային միասնական կառավարման ծրագրի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցել են նաև Համաշխարհային բանկի, USAID-ի, Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս ընկերության, բանկերի և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները:

 Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել և իրականացնում է մի շարք բարեփոխումներ, որոնք միտված են բարենպաստ տնտեսական միջավայրի ձևավորմանը, ներդրումների խրախուսմանը, փոքր և միջին ձեռնարկությունների համար վարկերի հասանելիության դյուրացմանը:

 «Իրականացվող այդ բարեփոխումների արդյունքում էլ ներդրվեց նաև ապահովված իրավունքների գրանցման համակարգը: Աշխարհում կիրառված այս համակարգը դյուրացնում է գրավի և այլ ապահովված իրավունքների առարկա հանդիսացող  շարժական գույքի օգտագործումը: Դրանք հատկապես օգտակար են փոքր և միջին ձեռնարկությունների վարկային կարիքների համար, որոնք չունեն անշարժ գույք՝ որպես գրավի առարկա օգտագործելու համար»,- ասել է Արսեն Մկրտչյանը:

 2014 թվականի դեկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն ստեղծվել է մեկ միասնական առցանց գրանցամատյան, որը տեղեկատվություն է պարունակելու գրանցված ապահովված իրավունքների մասին:

 Շնորհանդեսի բանախոսները համակարծիք էին, որ այս նոր համակարգի ներդնումը շահեկան պայմաններ է ստեղծելու հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների համար՝ առավել հասանելի դարձնելով նրանց համար վարկային միջոցների տրամադրումը՝ դրանով իսկ խթանելով բիզնես միջավայրի զարգացումը:

 Համաշխարհային բանկի և USAID-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ արդարադատության նախարարության կողմից Հայաստանում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ ներդրած ջանքերը: Արսեն Մկրտչյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին օրենսդրական բարեփոխումների և ծրագրային լուծումների հարցում գործուն աջակցութայուն ցուցաբերելու համար:

 Հաշվի առնելով, որ սպասարկման գրասենյակների ստեղծումը պետության համար կառաջացներ լրացուցիչ ֆինանսական բեռ՝  սպասարկման գրասենյակի գործառույթներն իրականացնելու են նոտարները: Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» (USAID FED) ծրագրի կողմից ցուցաբերված տեխնիկական աջակցության և ֆինանսավորման շրջանակներում, սեպտեմբերի 19-ին անցկացրել է ապահովված իրավունքի գրանցման համակարգի ներդրմանը նվիրված վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են նոտարների ավելի քան 30 օգնականներ: Դասընթացները լինելու են շարունակական. առաջիկայում USAID FED ծրագրի կողմից ցուցաբերված տեխնիկական աջակցության և ֆինանսավորման շրջանակներում նախատեսվում են նման դասընթացներ կազմակերպել նաև Հայաստանի Հանրապետությունում գործող նոտարների, բանկերի և վարկային կազմակերպությունների իրավաբանների, ինչպես նաև վարկային և ռիսկերի կառավարման մասնագետների համար: