Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Իրանի նորանշանակ դեսպանն ու Նախարար Գրիգոր Մինասյանը քննարկել են սեպտեմբերին կայանալիք արդարադատության նախարարությունների համատեղ հանձնախմբի առաջին նիստին վերաբերող հարցերը

օգոստոսի 30, 2023
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և արգասաբեր աշխատանք մաղթել՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների:
Գրիգոր Մինասյանը կարևորել է հայ-իրանական երկկողմ հարաբերություններն ու նշել, որ առաջիկայում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարությունների համատեղ հանձնախմբի առաջին նիստը, որը նոր հարթության կբարձրացնի հայ-իրանական իրավական ոլորտի համագործակցությունը՝ հասցնելով երկու պետությունների հարաբերությունները բարձր մակարդակի:
Նախարարը ներկայացրել է դատապարտյալների փոխանցման ոլորտում ներկայումս իրականացվող աշխատանքներն ու ընդգծել, որ այդ ուղղությամբ մշտապես երկկողմ ակտիվ աշխատանք է իրականացվել:
Հանդիպմանը քննարկվել են դատապարտյալների փոխանցման ու հանցագործություն կատարած անձանց հանձնման (էսքատրադիցիա) վերաբերյալ մի շարք հարցեր:
Կողմերը պայմանավորվել են հայ-իրանական արդարադատության նախարարությունների համատեղ հանձնախմբի առաջին նիստին քննարկել առկա խնդիրների հնարավոր լուծումներն ու այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները կարևոր են Իրանի համար:
Մեհդի Սոբհանին նշել է, որ Իրանը պատրաստ է աջակցել ոլորտային հարցերին:
Նախարարն ու դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: