Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Արտակ Զեյնալյանն ու Վենետիկի հանձնաժողովի նախագահը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

հոկտեմբերի 31, 2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարություն իրավունքի միջոցով (Վենետիկի) հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ հունիսին Վենետիկ կատարած այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախանշված արժեքները պահպանվում են և նոր Կառավարությունը դրանք ի կատար է ածում:

Վենետիկի հանձնաժողովի նախագահը, անդրադառնալով 2018 թվականի դեկտեմբերին կայանալիք Խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նշել է, որ հասկանում է ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ափսոսանք է հայտնել Ազգային ժողովի կողմից Ընտրական օրենսգրքի նախագիծը չհաստատելու փաստի առնչությամբ:

Արդարադատության նախարարի պաշտոնակատարը, համաձայնելով գործընկերոջ հետ, ընդգծել է, որ նախագծով նախատեսվող փոփոխությունները կնպաստեին քաղաքական ընտրություն կատարելուն, և դա օգտակար կլիներ նաև ցածր վարկանիշ ունեցող քաղաքական ուժերի համար: Արտակ Զեյնալյանի խոսքով, ԱԺ ներկայացված նախագծում Վենետիկի հանձնաժողովի և միջազգային դիտորդական առաքելությունների ու կազմակերպությունների մի շարք դիտարկումներն էին ներառվել, որոնք հնչել էին 2017 թվականի Խորհրդարանական ընտրությունների գնահատման արդյունքում: «Ինչևէ, Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն անցկացվեցին գործող ընտրական օրենսգրքով և դրանց նկատմամբ կա համընդհանուր ճանաչման մթնոլորտ: Սա վկայում է այն մասին, որ քաղաքական կամքի առկայությունը կարևորագույն գործոն է ընտրությունների անցկացման համար, իսկ այդ քաղաքական կամքն ունի մեր Կառավարությունը»,- նշել է արդարադատության նախարարի պաշտոնակատարը և վստահեցրել, որ ձևավորվելիք Կառավարությունը կբարելավի Ընտրական օրենսգիրքը:

Ջիանի Բուքիքիոն ևս վստահություն է հայտնել, որ ընտրություններից հետո ոչ միայն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների, այլև դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ համատեղ աշխատելու հնարավորություն կլինի: «Մենք, որպես Վենետիկի հանձնաժողով, պատրաստակամ ենք աշխատելու դատական համակարգի բարելավման ուղղությամբ»,- ասել է Հանձնաժողովի նախագահը և հետաքրքրվել դատավորների նկատմամբ կիրառվող կարգապահական վարույթների հարցով՝ նշելով, որ դատավորներից կազմված Կարգապահական հարցերի հանձնաժողովի գործունեությունը կասկածի տեղիք կարող է տալ: Ի պատասխան՝ Արտակ Զեյնալյանը նշել է, որ Բարձրագույն դատական խորհրդի գործունության ընթացքում չի եղել  մի դեպք, որ քննարկման առարկա դառնա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: «Սա նշանակում է, որ Կարգապահական հարցերի հանձնաժողովը, որը բաղկացած է դատավորներից, ինքնակարգավորմամբ ու ինքնավերահսկմամբ չի զբաղվում, որի լիազորությամբ օժտված է: Հետևապես, արդարադատության նախարարն արդեն ստիպված է լինելու, օգտվելով իր իրավասությունից, մեկնարկել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու գործընթացը»,- ասել է արդարադատության նախարարի պաշտոնակատարը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արդարադատության թվայնացմանը, դատավորների աշխատավարձերի բարձրացման հնարավորություններին ու Հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկուստեք վերահաստատվել է համագործակցությունն առավել խորացնելու պատրաստակամությունը: