Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Արհեստական բանականության և ամպային տեխնոլոգիաների կիրառման նոր հնարավորություններ՝ արդարադատության ոլորտում

սեպտեմբեր 24, 2026

Շանհայում անցկացված «AIxADB 2026» ծրագրի շրջանակում արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանն ուսումնասիրել է արհեստական բանականության (ԱԲ) և ամպային տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները՝ դատաիրավական համակարգի արդիականացման և հանրային ծառայությունների օպտիմալացման նպատակով։

Այցի շրջանակում նախարարի տեղակալը ներկայացրել է արդարադատության ոլորտի հանրային ծառայություններում ԱԲ առցանց օգնականի ներդրման հայեցակարգը, որը քաղաքացիներին կապահովի արագ, ճշգրիտ և հասանելի տեղեկատվությամբ։

Ներկայացվել է նաև պիլոտային նախագիծ՝ արհեստական բանականության կիրառմամբ քաղաքացիական կացության ակտերի վկայականները կարդալու և դրանցում պարունակվող տեղեկություններն ավտոմատ կերպով տվյալների շտեմարան փոխանցելու համար՝ աջակցելով աշխատակիցների աշխատանքին և տվյալների մշակման գործընթացի առավել արդյունավետությանը։

iFLYTEK և Tencent ընկերություններում ուսումնասիրվել են ձայնը տեքստի վերածելու և ձեռագիր տեքստերի ճանաչման ժամանակակից տեխնոլոգիական լուծումները, որոնք առանցքային են միասնական դատական համակարգի, «Ֆեմիդա» համակարգի և ՔԿԱԳ արխիվների թվայնացման համար։

Inclusion Conference on the Bund համաժողովի և Use Case Canvas աշխատաժողովի ընթացքում քննարկվել են գործակալական ԱԲ-ի (Agentic AI) կիրառման, տվյալների պաշտպանության և էթիկական չափանիշների ապահովման հարցերը։

Արդարադատության նախարարության առաջնահերթությունը մնում է պատասխանատու, անվտանգ և մարդակենտրոն տեխնոլոգիաների ներդրումը՝ ի նպաստ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման։