Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը բացման խոսքով է հանդես եկել հայկական միջազգային արբիտրաժային օրեր միջոցառմանը
սեպտեմբեր 24, 2026
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը բացման խոսքով է հանդես եկել հայկական միջազգային արբիտրաժային օրեր միջոցառմանը: Նախարարը նշել է, որ միջոցառման վայրը խորհրդանշական է, քանի որ այն անցկացվում է Մատենադարանում, որտեղ պահվում է նաև Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը»՝ հայ իրավական մտքի այն կոթողը, որը դեռևս 12-րդ դարում կոչված էր վեճերը լուծելու հստակ, կանխատեսելի և բոլորի համար հասկանալի կանոններով:
Հայաստանն այս տարի չորրորդ անգամ է հյուրընկալում միջազգային արբիտրների՝ աշխարհի տարբեր երկրներից:
Նախարարը նշել է, որ վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացումը Կառավարության համար շարունակում է մնալ առաջնահերթություն։ Ներդրողը որոշում կայացնելիս գնահատում է ոչ միայն շուկան, այլև այն, թե որքան արագ և արդար կլուծվի հնարավոր վեճը։
Սրբուհի Գալյանի խոսքով՝ Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության շրջանակում հիմնադրված Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնն իր գործունեության երեք տարիների ընթացքում կայացել է որպես ոլորտի առանցքային հաստատություն։ Կենտրոնում արդեն վարվել է շուրջ 1000 արբիտրաժային և հաշտարարության գործ, ինչը վկայում է, որ բիզնեսն ու քաղաքացիները ավելի ու ավելի են սկսում վստահել այս մեխանիզմներին։ Կենտրոնը շարունակ ընդլայնում է նաև միջազգային համագործակցությունը առաջատար կենտրոնների հետ։ Այս արդյունքները հնարավոր են դարձել կենտրոնի արբիտրների և հաշտարարների, միջազգային հեղինակավոր մասնագետներից կազմված արբիտրաժային և հաշտարարական խորհուրդների, ինչպես նաև կենտրոնի թիմի նվիրված աշխատանքի շնորհիվ։
Սրբուհի Գալյանն անդրադարձել է նաև հաշտարարության ինստիտուտի զարգացմանը, նշելով, որ ներկայում որակավորված է 125 հաշտարար, իսկ ընտանեկան որոշ գործերով պարտադիր հաշտարարության ներդրումից հետո կողմերը հաշտության են հասել դեպքերի մոտ 29,5%-ում, համապատասխան գործերով դատարան մուտք եղած գործերի թիվն նվազել է ավելի քան 50 տոկոսով։ Այս փորձի հիման վրա Արդարադատության նախարարությունը դիտարկում է նաև այլ բնույթի վեճերով պարտադիր հաշտարարություն ներդնելու նախաձեռնությունները։