Օքսաննա Աբրահամյանը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու արդարադատության ոլորտի թվայնացման առաջընթացը, առկա խնդիրները
հոկտեմբեր 12, 2026
Արդարադատության նախարարի տեղակալ Օքսաննա Աբրահամյանն այցելել է Երևանում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» գրասենյակ՝ հանդիպելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ հանրային ծառայությունների և համակարգերի թվայնացման բարեփոխումների շուրջ ուղիղ երկխոսությունն ու համագործակցությունն ամրապնդելու իր նախաձեռնության շրջանակներում։
Այցի նպատակն էր խրախուսել բաց և ոչ ֆորմալ երկխոսությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ հնարավորություն ընձեռելով մտքեր փոխանակել, կիսվել փորձով և միասին քննարկել թվային փոխակերպման առաջընթացն ու մարտահրավերները։
Հանդիպման ընթացքում Օքսաննա Աբրահամյանը ներկայացրել է նախարարության առաջընթացը թվայնացման ոլորտում՝ ընդգծելով ավելի քան 100 հանրային ծառայությունները և դրանք առավել հասանելի, արդյունավետ ու օգտատերերի համար հարմարավետ դարձնելուն ուղղված ընթացիկ ջանքերը։
Գործնական ցուցադրությունների միջոցով մասնակիցներին ցույց է տրվել նաև առցանց ծառայություններից օգտվելու և հասանելիություն ստանալու համապատասխան տեղեկատվությունը։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բարձրացրել են հարցեր, կիսվել թվայնացման հարթակներից օգտվելիս հանդիպած գործնական մարտահրավերներով և ներկայացրել առաջարկություններ։
Օքսաննա Աբրահամյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել բաց երկխոսությունը հետագա հանդիպումների միջոցով, որոնք նվիրված կլինեն կոնկրետ ծառայություններին, մարտահրավերներին և հնարավոր լուծումներին։ Նշենք, որ հանդիպումը առաջինն էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ նախատեսված հանդիպումների շարքում։