Պետական մարմինների ազդարարման պատասխանատուները վերապատրաստվել են
սեպտեմբեր 07, 2026
Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ իրականացվել է պետական մարմինների ազդարարման պատասխանատուների վերապատրաստում։ Վերապատրաստման շրջանակում ներկայացվել են «Ազդարարման համակարգի մասին» օրենքում 2026 թվականի հուլիսի 3-ին կատարված փոփոխությունները և լրացումները։
Բացման խոսքով հանդես է եկել Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը։ Նախարարի տեղակալն անդրադարձել է ազդարարման համակարգի՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն մեխանիզմներից մեկի նշանակությանը՝ շեշտելով, որ ազդարարման համակարգի ներդրումը, ի թիվս այլնի, պայմանավորված է եղել հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններով։
Միաժամանակ ընդգծվել է, որ ազդարարման համակարգի ձևավորումից հետո՝ հիմք ընդունելով ներպետական հակակոռուպցիոն ռազմավարությունները, ինչպես նաև միջազգային մոնիթորինգային գնահատումներն ու դրանց շրջանակներում ներկայացված հանձնարարականները, 2022 և 2026 թվականներին իրականացվել են օրենսդրական փոփոխություններ՝ առկա կառուցակարգերի կատարելագործման նպատակով։
Միջոցառման ընթացքում Արդարադատության նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են «Ազդարարման համակարգի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, դրանց նպատակները և գործնական կիրառման առանձնահատկությունները։ Կարևորվել է նաև ազդարարման պատասխանատուների դերը՝ ազդարարման համակարգի արդյունավետ գործարկման և նոր կարգավորումների միասնական կիրառման ապահովման գործընթացում։
Քննարկման արդյունքում վեր են հանվել ազդարարման համակարգի արդյունավետ գործարկման ուղիները, ինչպես նաև ընդգծվել է պետական մարմինների միջև համագործակցության և միասնական գործելակերպի որդեգրման կարևորությունը։