Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

GIZ փորձագետի հետ քննարկվել են տեղեկատվության ազատության ոլորտին առնչվող մի շարք հարցեր

մայիսի 23, 2016

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին և «Տեղեկատվության ազատության ոլորտի արդիականացման» հայեցակարգին վերաբերող աշխատանքային քննարկման շրջանակներում մայիսի 23-ին ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին: 

Հիշեցնենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը մշակվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

 Նախարարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով GIZ-ին ՀՀ օրենսդրության բնագավառում ցուցաբերվող շարունակական աջակցության և սերտ համագործակցության համար, նշել է, որ Արդարադատության նախարարության նպատակը ոլորտում ավելի  կատարյալ օրենսդրական կարգավորումներ ունենալն է: Նա առանձնացրել է մի քանի հիմնախնդիրներ, որոնց շրջանակներում էլ առաջացել է օրենքի կատարելագործման պահանջն ու նախաձեռնվել օրենսդրական փոփոխությունների հայեցակարգի մշակումը: Սուրեն Քրմոյանի խոսքով՝ այդպիսի պահանջներից են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը համահունչ կարգավորումներով օրենք ունենալը, որը կնպաստի նաև թափանցիկության մեծացմանն ու հանդես կգա որպես կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց: Անդրադառնալով հայեցակարգով սահմանված դրույթներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ նպատակ է դրվել զարգացնելու տեղեկատվության պատասխանատու անձանց ինստիտուտը, խթանելու պրոակտիվ տեղեկատվությունը, ինչպես նաև՝ լուծելու օրենքը խախտելու դեպքում առաջացող պատասխանատվության և հանրային նշանակության տեղեկատվություն ստանալու հետ կապված հարցեր: 

 Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության փորձագետ, պրոֆեսոր Օթթո Լուխթերհադթն աշխատանքային խմբին է ներկայացրել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ 2003թ. հոկտեմբերի 10-ի օրենքի վերաբերյալ իր փորձագիտական եզրակացությունը: Այնուհետև, մատնանշել է այն սկզբունքները, որոնք, ըստ նրա, ապահովում են տեղեկատվության ազատության ինստիտուտի կենսունակությունը, մասնավորապես՝ տեղեկատվության հասանելիությունը, ամբողջականությունը, հավաստիությունը և արդիականությունը:

 Աշխատանքային խմբի ներկայացուցիչները քննարկել են «Տեղեկատվության ազատության ոլորտի արդիականացման» հայեցակարգով սահմանված դրույթները, ներկայացրել եզրակացություններ և առաջարկություններ:

 Աշխատանքային քննարկումը կշարունակվի մայիսի 24-ին: