Օկսաննա Աբրահամյանը հանդիպել է PMO Global Alliance-ի տնօրեն Ամերիկո Պինտոյի և PMI Հայաստան մասնաճյուղի նախագահ Աստղիկ Սահակյանի հետ
նոյեմբեր 11, 2026
Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը հանդիպել է PMO Global Alliance-ի տնօրեն Ամերիկո Պինտոյի և PMI Հայաստան մասնաճյուղի նախագահ Աստղիկ Սահակյանի հետ՝ քննարկելու ծրագրերի և նախաձեռնությունների կառավարման համակարգային մոտեցումների դերը հանրային կառավարման արդիականացման և պետական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում։
Հանդիպման առանցքում ծրագրերի կառավարման գրասենյակի ձևավորման հնարավորություններն էին՝ որպես պետական կառավարման համակարգում ռազմավարական առաջնահերթությունները գործնական և չափելի արդյունքների վերածելու, ինստիտուցիոնալ կարողությունները զարգացնելու, միջգերատեսչական համագործակցությունն ամրապնդելու և հաշվետվողականությունը բարձրացնելու կարևոր գործիք։
Այս մոտեցումն անմիջականորեն համահունչ է ՀՀ կառավարության հանրային կառավարման բարեփոխումների օրակարգին, որի առանցքային ուղղություններից են քաղաքացիական ծառայության մասնագիտական և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, ռազմավարական պլանավորման և իրականացման մեխանիզմների կատարելագործումը, ինչպես նաև պետական քաղաքականությունների արդյունքահեն և կայուն իրականացումը։
Պետական կառավարման համակարգում ծրագրերի կառավարման միջազգային առաջատար փորձի և ժամանակակից գործիքակազմի ներդրումը կարող է կարևոր քայլ դառնալ առավել արդյունավետ, թափանցիկ, հաշվետու և քաղաքացիակենտրոն հանրային կառավարման համակարգի ձևավորման ճանապարհին։