Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Օկսաննա Աբրահամյանը հանդիպել է Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչների հետ

հոկտեմբեր 08, 2026

Հանդիպման ընթացքում ամփոփվել են «Պետական հատվածի արդիականացման 4-րդ ծրագրի» (PSMP4) շրջանակում Արդարադատության նախարարության կողմից իրականացվող նախագծերի ընթացիկ արդյունքները և քննարկվել հետագա ռազմավարական առաջնահերթությունները։ Հանդիպման ընթացքում արձանագրվել է զգալի առաջընթաց էլեկտրոնային քրեակատարողական համակարգի (e-Penitentiary) մշակման գործընթացի մեկնարկի, էլեկտրոնային նոտարիատի (e-Notary) նոր համակարգի մշակմանն ուղղված աշխատանքների, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական ռեգիստրի հետագա բարելավման ուղղությամբ: Կարևորելով թվային բարեփոխումների կայունությունը՝ երկուստեք շեշտադրվել է ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և մասնագիտական հմտությունների շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը։ Ապագա համագործակցության շրջանակում նախատեսվում է անդրադառնալ միասնական դատական կառավարման համակարգերին, արխիվային համակարգի բարեփոխմանը, արդարադատության ոլորտի տարբեր ուղղություններում արհեստական բանականության գործիքների ինտեգրմանը և դատական համակարգի լայնամասշտաբ թվային տրանսֆորմացիային։