Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Փոխնախարար Վարդապետյանին ներկայացվել են Իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության խնդիրներն ու ոլորտը բարելավելու վերաբերյալ առաջարկները

ապրիլի 22, 2019

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի նորանշանակ տեղակալ Աննա Վարդապետյանը ապրիլի 19-ին այցելել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, շրջայց կատարել քաղաքացիների սպասարկման սրահում և ծանոթացել Գործակալության աշխատակիցների հետ:

Գործակալության պետ Արմեն Առաքելյանը ներկայացրել է ամենօրյա աշխատանքին առնչվող խնդիրները, իսկ աշխատակիցների հետ կլոր սեղան-հանդիպման ժամանակ բարձրացվել են նաև  առաջիկայում լուծում պահանջող  մի շարք հարցեր: Դրանք հիմնականում վերաբերել են ոլորտում օրենսդրական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությանը, շենքային պայմանների բարելավմանն ու Գործակալության պաշտոնական կայքի և azdarar.am-ի տեխնիկական վերազինմանը:

Փոխնախարար Վարդապետյանը նշել է, որ այցը ճանաչողական է, նպատակը՝ խնդիրներին տեղում ծանոթանալով՝ լուծման հնարավոր ուղիներ փնտրելն ու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն է:

Հանդիպման ավարտին Գործակալության պետը տեղեկացրել է, որ աշխատանքային խմբով կառանձնացնեն առաջարկներն ու խնդիրները և ամփոփ տեղեկանքով դրանք կներկայացնեն փոխնախարարին: