Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Սնանկության կառավարիչների թիվն ավելացավ ևս վեցով. Ամփոփվել են սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման աշխատանքները

դեկտեմբերի 12, 2022
Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի նախագահությամբ մեկնարկել են 2022թ.-ի սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման հանձնաժողովի աշխատանքները:
Առաջին փուլի 43 մասնակիցներից բողոքարկման արդյունքների հաշվառմամբ երկրորդ փուլին ներկայացել է 6 մասնակից:
Որակավորման ստուգման երկրորդ` հարցազրույցի փուլը կազմված էր երկու մասից՝
1) յուրաքանչյուր մասնակցի անձնական գործի և անցած մասնագիտական փորձի ուսումնասիրություն:
Մասնակիցն իրավունք ուներ պարզաբանումներ տալու իր անձնական գործում առկա տեղեկությունների վերաբերյալ: Որպես կառավարիչ արդյունավետ գործելու համար անհրաժեշտ այլ անձնական հմտություններն ու որակները գնահատելու նպատակով՝ հանձնաժողովի անդամները հարցեր են տվել մասնակիցներին.
2) կառավարչի գործունեությանը վերաբերող հիպոթետիկ իրավիճակի վերաբերյալ մասնակցի կողմից իրականացվող վերլուծություն և դիրքորոշման ներկայացում՝ վարքագծի կանոնների իմացությունը, որպես կառավարիչ գործելու համար կարևոր այլ անձնական հատկանիշները, կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու, ինքնատիրապետման, վարվեցողության, հաղորդակցման հմտությունները, վերլուծական կարողությունները, հմտություններն ու որակները գնահատելու համար:
Նշված իրավիճակի ընտրությունը կատարվել է նախարարության կողմից նախապատրաստված հարցերը վիճակահանությամբ հավակնորդի կողմից ընտրելու միջոցով:
Բոլոր մասնակիցների հարցազրույցներից հետո հանձնաժողովի անդամները դռնփակ նիստում իրականացրել են հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որի արդյունքում հանձնաժողովը՝ առանձին-առանձին նշանակված գնահատականների միջինով որոշել է մասնակցի վերջնական գնահատականը:
Արդարադատության նախարարությունը շնորհավորում է 2022թ. սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումը հաղթահարած բոլոր մասնակիցներին՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք:

2022Թ. ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑԱՆԿ
Անուն Ազգանուն - Իրավիճակային խնդրի լուծման միավորներ
1 Նորայր Ավագյան 19
2 Հասմիկ Զաքարյան 18.5
3 Էդմոնդ Խաչատրյան 16.4
4 Նարեկ Խաչիկյան 19
5 Նարեկ Սարգսյան 17.2
6 Շուշանիկ Վարդանյան 17.6

Հանձնաժողովի նախագահ Արմենուհի Հարությունյանն առաջարկել է Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանին ցանկում նշված մասնակիցներին շնորհել սնանկության գործով կառավարչի որակավորում: