Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Պետական ծառայությունների մատուցման գրասենյակ բացվեց նաև Էջմիածնում

դեկտեմբերի 23, 2016

 ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի մասնակցությամբ պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակի գործունեության մեկնարկն այսօր ազդարարվեց նաև քաղաք Էջմիածնում:

 Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ էջմիածնեցիները և հարակից բնակավայրերի բնակիչները ևս պետական մի շարք փաստաթղթեր ստանալու համար ազատվեցին Երևան հասնելու անհրաժեշտությունից. փոխարենը նրանք կայցելեն Հայփոստի գրասենյակ` ք.Էջմիածին, (Մ.Մաշտոցի-2) կլրացնեն հայցվող փաստաթղթի համար անհրաժեշտ դիմումը և սահմանված ժամկետում կստանան պահանջված փաստաթուղթը:

 Գրասենյակի գործարկման ընթացքում քաղաքացիներից մեկը տեղում ստացավ նախապես հայցված դատվածության և ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքները:

 Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը նախաձեռնեց և կարճ ժամանակում կյանքի կոչեց պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների գաղափարը, որոնք արդեն գործում են Երևանում՝ «Հայփոստ»-ի (հասցե՝ Նալբանդյան 21), «Արդշինբանկ»-ի (հասցե՝ Տիգրան Մեծի 24), «Աﬔրիաբանկ»-ի (հասցե՝ Դեղատան 6) և «Կոնվերս բանկ»-ի ( հասցե՝ Քաջազնունու 4/6), Գառնի համայնքում գտնվող «Հայփոստ»-ի գրասենյակում, ինչպես նաև Գյումրի քաղաքի «Հայփոստ»-ի գրասենյակում (հասցե՝ Ռիժկովի 5)՝ այդպիսով պետական ծառայություններն ավելի հասանելի դարձնելով ՀՀ քաղաքացիներին:

 Միասնական գրասենյակներում մատուցվում են հետևյալ ծառայությունները.

 Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայություններ՝

  • Հասարակական կազմակերպությունների պետական գրանցում, պետական գրանցման մերժում
  • Հիմնադրամների պետական գրանցում, փոփոխությունների պետական գրանցում կամ պետական գրանցման մերժում
  • Անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում և պետական հաշվառման մերժում
  • Փաստաթղթերի պատճենահանում և պատճենների տրամադրում
  • Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցում
  • Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում

ՀՀ կառավարության կողմից լիազորված անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական կառավարման հանրապետական մարմնի  սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայություններ՝

  • Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում
  • Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, այդ թվում՝ միասնական տեղեկանքի ձևով

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից մատուցվող ծառայություններ՝

  • Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականների կրկնօրինակների տրամադրում
  • Քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանքի տրամադրում
  • Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում
  • Փաստաթղթերի ապոստիլ (միջազգային վավերացում)

ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից մատուցվող ծառայություններ՝

  • Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից մատուցվող ծառայություններ՝

  • Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայականի տրամադրում
  • Կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի հատկացման կամ մաշված հաշվառման վկայագրի փոխանակում
  • Մաշված, անըթեռնելի դարձած հաշվառման համարանիշների փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշների տրամադրում
  • Տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի տրամադրում

Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ գործարկվելու են նաև բոլոր մարզերի գյուղական համայնքներում: