Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Նոր կենտրոնը կմատուցի լիարժեք ծառայություններ, կնվազեցվեն նաև կոռուպցիոն ռիսկերը. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շենքում բացվեց Քաղաքացիների ընդունելության կենտրոն

դեկտեմբերի 12, 2022

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար Սերգեյ Մեղրյանի գլխավորությամբ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում բացվել է Քաղաքացիների ընդունելության կենտրոն։

Գրիգոր Մինասյանը շրջայցի ընթացքում ծանոթացել է Կենտրոնի աշխատանքներին:

«Կենտրոնի ստեղծման գաղափարն առաջացել է քաղաքացիներից ստացված դիմումների ուսումնասիրության արդյունքում։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաճախ հեռախոսով տրված խորհրդատվությունը քաղաքացու մոտ լիարժեք տեղեկատվության աղբյուր չէր հանդիսանում: Քաղաքացիները գալիս էին այստեղ տեղեկատվությանը լիարժեք ծանոթանալու համար, սակայն պայմանները այդքան էլ գոհացուցիչ չէին։ Նոր կենտրոնը կմատուցի լիարժեք ծառայություններ, կնվազեցվեն նաև կոռուպցիոն ռիսկերը»,- նշել է Մինասյանը:

Քաղաքացիների ընդունելության կենտրոնի ստեղծման հիմնական նպատակը հարկադիր կատարող-քաղաքացի կապի կանոնակարգված և վերահսկելի կապի ապահովումն է Ծառայության վարչական շենքում։

«Աշխատակիցները քաղաքացիներին ուղեկցելու են ընդունելության կենտրոն,  այնուհետև կապ են հաստատելու տվյալ հարկադիր կատարողի կամ նրա բացակայության դեպքում՝ բաժնի փոխարինող աշխատակցի հետ՝ նրան հրավիրելով կենտրոն: Աշխատակիցներն համակարգչի միջոցով քաղաքացուն կարող են տրամադրել կատարողական վարույթին առնչվող տեղեկատվություն, ընդունել դիմումներ, հայտարարություններ, տրամադրել  խորհրդատվություն, առձեռն հանձնել վարույթի շրջանակներում կայացված որոշումները»,- նշել է  Արդարադատության նախարարության  Հարկադիր կատարումն  ապահովող ծառայության քաղաքացիների սպասարկման բաժնի պետ Խաչատուր Իգիթյանը:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տևական ժամանակ է՝ իրականացնում է համալիր բարեփոխումներ։ Առաջնային լուծում պահանջող խնդիրներից է քաղաքացիների սպասարկման արդյունավետության բարձրացումը։ Այս ուղղությամբ վերջին 2 տարիների ընթացքում արդեն իսկ իրականացվել են աշխատանքներ․  ավելացվել են թեժ գծի զանգերն սպասարկող օպերատորների քանակը, ստեղծվել և հաջողությամբ գործում է «ՔոԱրգելանքը» արագ արձագանքման խումբը, ՀԿԱԾ-ի «www.cesa.am» պաշտոնական կայքէջում գործարկվել է Ծառայության հետ օպերատիվ էլեկտրոնային կապի գործիքակազմ։