Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Նախարարը շնորհավորեց շրջանավարտներին

մայիսի 23, 2014

  ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր այցելեց Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոց՝ շնորհավորելու շրջանավարտներին «Վերջին զանգի» կապակցությամբ: 

 Նախարարը ողջունեց ու շնորհավորեց շրջանավարտներին նրանց կյանքում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձության կապակցությամբ ու հիշեց իր դպրոցական տարիներից մի պատմություն:  «Դասերից հետո ռազմագիտության ուսուցչիս հետ զրույցի ժամանակ հարցրեցի, եթե ձեր կյանքը նորից սկսեիք, ի՞նչը կփոխեիք: Ուսուցիչս պատասխանեց. «Կյանքիցս շատ գոհ եմ ու ոչինչ չէի փոխի, կապրեի այնպես, ինչպես ապրել եմ»»,- պատմեց Հովհաննես Մանուկյանն ու շրջանավարտներին մաղթեց ապրել այնպես, որ երբեք չփոշմանեն կատարածի ու ապրած կյանքի համար:

 Նախարարի խոսքով՝ սա անչափ կարևոր ու պատասխանատու պահ է, մեր երիտասարդներին ճիշտ ուղու վրա դնելու, ճիշտ քաղաքացի դաստիարակելու, հայրենասեր սերունդ ունենալու համար: «Կրթությունն  այն կարևոր ինստիտուտն է, որը մարդուն օգնում է գտնելու իր ուրույն տեղն ու դերը հասարակական կյանքում: Այսօր, քան երբևէ մեզ անհրաժեշտ են որակյալ մասնագետներ, պատրաստված, գիտակից և վստահ քաղաքացիներ, ովքեր գիտեն, թե ինչ են ուզում և գիտեն, թե ինչպես կարելի է հասնել համընդհանուր նպատակների ճիշտ իրացմանը՝ դրսևորելով բարձր իրավագիտակցություն, հոգատարություն և սրտացավ վերաբերմունք մեր երկրի, մեր ժողովրդի ազգային ու համամարդկային արժեքների նկատմամբ»,- - ասաց նախարարը՝ շրջանավարտներին մաղթելով հաջողություն ուսման ու աշխատանքի մեջ: