Միջազգային գործընկերներին են ներկայացվել Արդարադատության նախարարության կողմից իրականացվող թվայնացման բարեփոխումները
նոյեմբեր 05, 2026
Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը բացման խոսքով է հանդես եկել «Armenia BRIDGE» ծրագրի պաշտոնական միջոցառմանը և անդրադարձել Արդարադատության նախարարության կողմից իրականացվող թվայնացման բարեփոխումներին՝ առանձնահատուկ ընդգծելով Թվային բիզնես ռեգիստրի հաջողված գործարկումը և դրա գործնական արդյունքները։
Նախարարի տեղակալը նշել է, որ նոր համակարգի շնորհիվ բիզնեսի պետական գրանցման գործընթացը դարձել է առավել պարզ, արագ և հասանելի։ Այսօր անհատ ձեռնարկատիրոջ գրանցումը հնարավոր է իրականացնել ընդամենը 3–4 րոպեում, իսկ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) գրանցումը՝ մոտ 10 րոպեում՝ տիպային փաստաթղթերի կիրառման դեպքում։
Ներկայացնելով առաջիկա առաջնահերթությունները՝ Օկսաննա Աբրահամյանն անդրադարձել է նաև Բիզնես ռեգիստրի հետագա զարգացմանը։ Արդարադատության նախարարությունը ստանձնել է «Բիզնես և սեփականության իրավունքի պաշտպանություն» կյանքի իրադարձության պատասխանատվությունը և աշխատանքներ է իրականացնում Բիզնես ռեգիստրը Ծառայությունների միասնական հարթակին (hartak.am) ինտեգրելու ուղղությամբ՝ բիզնեսի գրանցման գործընթացն առավել մատչելի և հարմարավետ դարձնելու նպատակով։
Նախարարի տեղակալն ընդգծել է նաև քաղաքացիների և գործարարների հետադարձ կապի կարևորությունը՝ որպես թվային ծառայությունների շարունակական կատարելագործման հիմք։ Նախատեսվում է համակարգը դարձնել առավել արագ և օգտագործման համար հարմար՝ դիտարկելով նաև արհեստական բանականության գործիքների ներդրման հնարավորությունները։
«Armenia BRIDGE» ծրագրի շրջանակում նախատեսվում են գործարար միջավայրի կարգավորումների պարզեցում, ընկերությունների մասին օրենսդրության արդիականացում և ժամանակակից, տվյալահեն բիզնես ռեգիստրի զարգացում՝ նպաստելով Հայաստանում առավել թափանցիկ և մրցունակ գործարար միջավայրի ձևավորմանը։ Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Համաշխարհային բանկի խմբի կողմից իրականացվող ծրագիրն ուղղված է Հայաստանում գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը, պետական ծառայությունների թվայնացմանը և մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը։