Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Մեկնարկել է ընտրական օրենսդրության բարեփոխումներին նվիրված թեմատիկ քննարկումների շարքը

նոյեմբեր 13, 2026

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը բացման խոսքով է հանդես եկել «Ընտրական իրավունք, վստահված անձանց գրանցում, դիտորդների իրավունքներ և պարտականություններ, ընտրությունների հրապարակայնություն» թեմայով քննարկմանը: 

Նշվել է, ընտրական օրենսդրության բարեփոխումների կարևորությունը: 
Քննարկմանը ակտիվ մասնակցություն են ունեցել ինչպես հանրային իշխանության մարմինների, այնպես էլ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները՝ ներկայացնելով իրենց դիտարկումներն ու առաջարկությունները քննարկվող հարցերի վերաբերյալ։

Քննարկումների նպատակն է շահագրգիռ կողմերի լայն մասնակցությամբ վեր հանել ընտրական գործընթացում առկա իրավական և գործնական խնդիրները, գնահատել գործող կարգավորումների արդյունավետությունը և համատեղ քննարկել դրանց կատարելագործման հնարավորությունները։

Թեմատիկ քննարկումների շարքը նախատեսվում է անցկացնել մինչև տարեվերջ՝ անդրադառնալով ընտրական գործընթացի տարբեր փուլերին և հարակից ոլորտների կարգավորումներին։ Դրանց հիմքում Արդարադատության նախարարության մշակած օրենսդրական փոփոխությունների փաթեթն է, որն ընդգրկում է Ընտրական օրենսգիրքը և հարակից մի շարք օրենքներ։

Քննարկումների ընթացքում ներկայացված դիտարկումներն ու առաջարկությունները կօգտագործվեն առաջարկվող օրենսդրական լուծումների հետագա մշակման և կատարելագործման գործընթացում։
Միջոցառումը կազմակերպվել է  Արդարադատության նախարարության, «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի և «Այ Էֆ Ի Էս» (IFES) կազմակերպության համագործակցությամբ: