Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Հանդիպում՝ Հայաստանում իր առաքելությունն ավարտող Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ

հուլիսի 27, 2015

  ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը և արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հուլիսի 27-ին ընդունել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի գլխավորած պատվիրակությանը:

  Արսեն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող Տրայան Հրիսթեային և նրա ղեկավարած թիմին արդյունավետ և փոխադարձ վստահության վրա հիմնված աշխատանքի համար և նշել, որ դեսպանը մշտապես բաց է եղել համագործակցության համար և միշտ ըմբռնումով է մոտեցել բոլոր աշխատանքներին: «Շատ հաջողություններ մենք արձանագրել ենք ձեր շնորհիվ: Մենք բարձր ենք գնահատում ԵՄ կողմից ոլորտի զարգացմանը նպաստող յուրաքանչյուր նախաձեռնություն և ամեն ինչ անելու ենք դրանք կյանքի կոչելու համար»,- ասել է արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը՝ հավելելով, որ Նախարարության և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության տեսակետները մեծամասամբ համընկնում են, որի արդյունքը արդյունավետ ու առողջ փոխգործակցությունն է:

  ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարությանը փոխշահավետ համագործակցության համար և ընդգծել, որ այն եղել է բացառիկ իր ծավալով և շատ արդյունավետ: Նրա խոսքով՝ ԵՄ-ն մշտապես պատրաստ է աջակցություն ցուցաբերելու Հայաստանում արդարադատության ոլորտի կատարելագործման և դրա նկատմամբ հանրության վստահության բարձրացման ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ իրեն փոխարինող պաշտոնյայի հետ արդյունավետ համագործակցության բարի ավանդույթը կշարունակվի: Նա բարձր է գնահատել Արդարադատության նախարարության օրենսդրական նախաձեռնությունները և կարևորել քաղաքացիական հասարակության դերը բարեփոխումների իրականացման և որոշումների կայացման ոլորտում:  «Այն, ինչ արվել և արվում է, պետք է ճիշտ ու բաց ներկայացնել հանրությանը, պետք է ապահովել արդյունավետ հաղորդակցություն, որը կբարձրացնի բարեփոխումների նկատմամբ հանրության վստահությունը»,- ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

  Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը նույնպես կարևորել է որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության դերը և ընդգծել, որ այն նպաստում է ավելի որակյալ և հանրության պահանջմունքները բավարարող օրենքներ ու ծրագրեր ունենալուն: «Հայաստանում արդեն ձևավորվել է ավանդույթ.պետական մարմիններն իրենց գործունեության հաջողությունը մեծապես պայմանավորում են բոլոր ձեռնարկներում հասարակության ներգրավվածության ապահովմամբ»,- նշել է նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը:

  Արսեն Մկրտչյանը կրկին շնորհակալություն է հայտնել Տրայան Հրիսթեային և իր ղեկավարած կառույցին կատարած աշխատանքների համար՝ հույս հայտնելով, որ առկա դրական ավանդույթը շարունակություն կունենա, և ՀՀ-ԵՄ հարաբերություններն էլ ավելի կխորանան ու կզարգանան: