Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Խտրականության կանխարգելումն առաջնահերթություն է յուրաքանչյուր ոլորտում

նոյեմբեր 16, 2026

Արդարադատության նախարարությունը Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ  և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ կազմակերպել է առողջապահության ոլորտում խարանի և խտրականության կանխարգելմանն ուղղված կարողությունների զարգացման երկօրյա դասընթաց։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները։
Դասընթացը նախատեսված է Առողջապահության նախարարության, Քրեակատարողական ծառայության, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և բժիշկների համար՝ նպատակ ունենալով ամրապնդել խտրականության կանխարգելման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նրանց մասնագիտական կարողությունները։
Իր ելույթում Աննա Կարապետյանն անդրադարձել է «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծին՝ ընդգծելով, որ դրանով, ի թիվս այլ հիմքերի, նախատեսվում է պաշտպանություն նաև առողջական վիճակի և հաշմանդամության հիմքերով խտրականությունից։
Նախարարի տեղակալը կարևորել է առողջապահական ծառայությունների մատուցման ընթացքում հավասար և արժանապատիվ վերաբերմունքի ապահովումը, խարանի հաղթահարումը և մասնագետների շարունակական վերապատրաստումը։
Աննա Կարապետյանն ընդգծել է, որ ոլորտային վերապատրաստումները շարունակական բնույթ են կրելու, քանի որ մասնագիտական գիտելիքների և իրազեկվածության հետևողական բարձրացումը խտրականության արդյունավետ կանխարգելման և յուրաքանչյուրի նկատմամբ հավասար ու արժանապատիվ վերաբերմունքի ապահովման կարևոր նախապայմաններից է։