Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

Դատավորներն Արդարադատության նախարարության հետ մի շարք լուծումներ են գտել դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ

ապրիլի 25, 2022

Հայաստանի բոլոր դատարանների ներկայացուցիչների, Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի, Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչների և Բարձրագույն դատական խորհրդի անդամների մասնակցությամբ ապրիլի 23-24-ը տեղի է ունեցել Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ.-ի ռազմավարության նախագծի՝ դատական իշխանությանը նվիրված հատվածի վերաբերյալ դատավորների կողմից բարձրաձայնված խնդիրների և կառուցողական առաջարկների հավաքագրում, որոնք կարտացոլվեն ռազմավարության նախագծում և կհանդիսանան դատական իշխանությանն առնչվող բարեփոխումների առաջնային ուղղություններ:

Անդրադարձ է կատարվել «Էլեկտրոնային դատարան» կառավարման միասնական համակարգի ներդրմանը, սահմանադրական բարեփոխումների համատեքստում դատական համակարգի վերանայմանը, Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման ընթացակարգի նախատեսմանը, ՀՀ քաղաքացիական և վարչական դատավարության օրենսդրության կատարելագործմանը:

Քննարկվել են նաև դատավորներին իրենց լիազորությունների իրականացման գործընթացում խոչընդոտող, դատարանների նյութատեխնիկական ապահովմանն ուղղված մի շարք ընթացիկ հարցեր, ձեռք են բերվել խնդիրների լուծմանն ուղղված պայմանավորվածություններ:

Աշխատանքային քննարկումը կազմակերպվել է Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: