Բնապահպանական հանցագործությունների բացահայտումից մինչև դատական պաշտպանություն․ ինչպե՞ս ապահովել շրջակա միջավայրի արդյունավետ իրավական պաշտպանությունը
հոկտեմբեր 30, 2026
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդես է եկել բացման խոսքով COP 17-ի շրջանակում կազմակերպված «Շրջակա միջավայրի պաշտպանությունը և դատական իշխանությունը» համաժողովին: Նախարարը նշել է, որ համաժողովը հնարավորություն է՝ քննարկելու բնապահպանական օրենսդրության կիրառումից մինչև դատական պաշտպանության և պատասխանատվության մեխանիզմներին առնչվող հարցերը։ Սրբուհի Գալյանն անդրադարձել է շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների վիճակագրությանը՝ նշելով, որ այն վկայում է Հայաստանում դրանց նկատմամբ ոչ բավարար ուշադրության մասին։ Նախարարի խոսքով՝ խնդիրը կարող է պայմանավորված լինել նաև քաղաքականության մշակման տեսանկյունից առկա բացերով։ Անդրադառնալով COP17-ի շրջանակում վեր հանված քաղաքականության մշակման տեսանկյունից կարևոր հարցերին՝ նախարարը նշել է, որ գուցե անհրաժեշտություն առաջանա վերանայել բնապահպանական իրավունքների ապահովմանն առնչվող կարգավորումները:
Նախարարն անդրադարձել է՝
📌Քաղաքացիների պարտականություններին․ անհրաժեշտ է քննարկել շրջակա միջավայրի պահպանության, անվտանգ գործելու և սեփական գործունեության հետևանքով պատճառված վնասը վերացնելու պարտականությունների ամրագրման հարցը։
📌Իրավաբանական անձանց պատասխանատվության ինստիտուտի պատշաճ կիրարկմանը:
📌Դատական իշխանության դերին․ բնապահպանական վեճերի լուծման առանցքային խնդիրներից է պետության, բիզնեսի և քաղաքացիների շահերի միջև արդարացի հավասարակշռության ապահովումը։
Սրբուհի Գալյանը հույս է հայտնել, որ միջազգային գործընկերների և ոլորտում փորձառություն ունեցող դատավորների փորձի փոխանակումը կնպաստի առկա խնդիրների հստակ ձևակերպմանը և դրանց լուծման արդյունավետ մոտեցումների մշակմանը՝ կարևորելով նաև այս հարցերի հանրային լայն քննարկումը։